«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) կովկասյան նախագծի տնօրեն Լորենս Շիթսը
– Երեկ քաղաքական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Բիլ Բըրնսը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ: Նրանք քննարկել են, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդների իրականացրած և առաջիկա քայլերը: Ձեր կարծիքով, նման հանդիպումները ի՞նչ կարող են տալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Եվ ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ հանդիպումից հետո մամուլի համար որևէ հայտարարություն չի արվել:
– Նման հանդիպումներ տեղի են ունենում պարբերաբար, և ես կարծում եմ, որ կողմերը մտահոգություն ունեն, քանզի ղարաբաղյան հակամարտությունում բացասական զարգացումների վտանգը շատացել է: Ամեն տարի, երբ որևէ առաջընթաց չի գրանցվում, երբ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն ձեռք չի բերվում, այդ մտահոգություններն ավելանում են: Իսկ հանդիպումից հետո հայտարարությունների բացակայության պատճառն էլ այն է, որ նման հանդիպումներ շատ են լինում, և փաստորեն նոր բան չի եղել, և նոր ասելիք չկա: Պարզ է միայն այն, որ կողմերն առավել մտահոգված են, քանզի իրավիճակն այժմ այն չէ, ինչ կար, ասենք, երկու տարի առաջ. առաջընթացը բացակայում է:
– 2008թ. ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում գլխավոր միջնորդի դերը ստանձնել է Ռուսաստանը, ինչի արդյունքում, սակայն, ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որը հաճախ համեմատում են հետպատերազմական շրջանի հետ: Փաստացի Ռուսաստանին չի հաջողվում գործընթացն առաջ տանել, և ինչպես Դուք նշեցիք, մտահոգություն կա, որ բացասական զարգացումներ արձանագրվեն: Կարելի՞ է ասել, որ Միացյալ Նահանգները նման հանդիպումներով, բարձրաստիճան պաշտոնյաների տարածաշրջան այցերով ցանկանում է իր ձեռքը վերցնել կարգավորման գործընթացը:
– Իհարկե, այս պահին, հաշվի առնելով նաև կազմակերպված հանդիպումների քանակը, բանակցային գործընթացում ամենաակտիվ դերակատարությունը Ռուսաստանինն է: Դա պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան զբաղված են աշխարհաքաղաքական այլ խնդիրներով, և չեմ կարծում, որ նման հանդիպումները միտված են Միացյալ Նահանգների դերի բարձրացմանը բանակցային գործընթացում:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի առաջնային դերը բանակցային գործընթացում:
– Այն բավականին ակտիվ է, բայց մյուս կողմից` կոնկրետ արդյունքները բավականին քիչ են:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցից հետո արված հայտարարությունում նշվում էր, թե ժամանակն է անցում կատարել խաղաղ համաձայնության մշակմանը: Պարոն Շիթս, Ձեր կարծիքով, այդ ժամանակը եկե՞լ է:
– Եթե նման բան լինի, ապա բոլորը շատ գոհ կլինեն, սակայն տարիներ առաջ էլ էին նույն բանն ասում, և նման հայտարարությունները շատ են եղել, անգամ Պրահայի գագաթնաժողովից հետո հայտարարեցին, թե արդեն համաձայնություն կա Մադրիդյան սկզբունքների շուրջ: Ես չգիտեմ, թե կա՞ն, արդյոք, կոնկրետ հույսեր այդ առումով, և եթե առաջընթացի համար նոր հույսեր կան, ապա լավ է:
– Անցած շաբաթ Վրաստանի խորհրդարանը որոշում կայացրեց դադարեցնել Ռուսաստանի հետ 2006թ. կնքված համաձայնագիրը, որով կարգավորվում էր ռուսական ռազմական տեխնիկայի փոխադրումը Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազաներ: Ձեր գնահատմամբ, այս որոշումն ի՞նչ ազդեցություն կունենա տարածաշրջանի, մասնավորապես` հայ-վրացական հարաբերությունների վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի անվտանգության երաշխավորը:
– Այդ համաձայնագիրը կնքվել էր հինգ տարով, և դրա ժամկետն արդեն սպառվել էր, իսկ Ռուսաստանի և Վրաստանի միջև 2008թ.-ից հետո դիվանագիտական հարաբերություններ չկան, և ծիծաղելի է անգամ պատկերացնել, որ Վրաստանը հանուն Հայաստանի թույլ կտա, որպեսզի իր տարածքով ռուսական ռազմական տեխնիկա անցնի: Կարծում եմ, որ այդ ամենը որևէ կերպ չի ազդի հայ-վրացական հարաբերությունների վրա, և դա են վկայում վերջերս ակտիվացած փոխայցերը` չի անցնում անգամ մեկ շաբաթ, և Հայաստան կամ Վրաստան են այցելում վրաց կամ հայ բարձրաստիճան պաշտոնյաները: Չեմ կարծում, որ Երևանում մտածում էին անգամ, թե Վրաստանը թույլ կտա իր տարածքով անցնի ռուսական ռազմական տեխնիկան, և համոզված եմ, որ կողմերն այդ մասին վաղուց է, ինչ խոսում են, և այդ հարցով կողմերն, ըստ երևույթին, մտահոգված չեն. թերևս, նրանք այլ ծրագրեր ունեն:
– Պարոն Շիթս, այսօր խոսվում է նաև այն մասին, որ շատ հնարավոր է, որ Ռուսաստանն իր ռազմական տեխնիկան Հայաստան հասցնի Թուրքիայի տարածքով: Դուք այս տարբերակը հավանական համարո՞ւմ եք:
– Ես կարծում եմ, որ դա այդքան էլ լուրջ չէ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու սահմանների բացման հարցի շուրջ իրավիճակը ոչ միայն չի կարգավորվում, այլ վատթարանում է, ապա անտրամաբանական է պատկերացնել, որ Թուրքիան թույլ կտա, որպեսզի իր տարածքով ռազմական տեխնիկա հասնի Հայաստան:









































