Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը և Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Աբդոլահիանը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են սիրիական հակամարտության կարգավորման ուղիները։
Կողմերը մասնավորապես քննարկել են վերջին շրջանում ձեռք բերված համաձայնագրերի գործարկման եղանակները, որոնք ուղղված են սիրիական ճգնաժամի կարգավորմանը։ Կողմերը նաև ընդգծել են սիրիական խնդիրը քաղաքական ճանապարհով կարգավորելուն ուղղված բանակցությունների բոլոր մասնակիցների հավատարիմ լինելու անհրաժեշտությունը։
Բացի այդ, ընդգծվել է, որ ահաբեկչական խմբավորումները չեն կարող մասնակցել բանակցություններին և բուն ճգնաժամի կարգավորման գործընթացին։











































