ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը սպասում է, որ Սիրիայում իշխանության փոխանցման գործընթացը «լավագույն դեպքում» կավարտվի 2017թ. մարտից ոչ շուտ: Այս մասին հայտնում է Associated Press-ը, որի տրամադրության տակ է հայտնվել փաստաթուղթ, որը Սպիտակ տունը պատրաստել է ներքին օգտագործման համար:
Սիրիական ճգնաժամով զբաղվող պաշտոնյաների համար վարչակազմի կազմած գրաֆիկում նշված է անորոշ ժամկետ՝ փաստաթուղթը կազմողները կարծում են, որ Սիրիայի գործող նախագահն «իր պաշտոնը կլքի 2017թ. մարտին, այդ ժամանակ երկիրը կլքի նաև նրա «մոտ շրջապատը»:
«Իրադարձությունների այդպիսի զարգացման դեպքում Ասադի պաշտոնանկության Օբամայի առաջին կոչերից մինչև նրա հեռանալն ավելի քան 5 տարի կանցնի»,- նշում է գործակալությունը:
Գրաֆիկը հիմնված է ՄԱԿ-ի հաստատած ծրագրի վրա, որն առաջին անգամ ուրվագծվել է Վիեննայում նոյեմբերյան կոնֆերանսում, հավելում է AP-ն: Այդ ռազմավարության համաձայն՝ նոր նախագահական և խորհրդարանական ընտրությունները Սիրիայում տեղի կունենան 2017թ. օգոստոսին: Բաշար Ասադի հեռանալու պահից մինչև իշխանության նոր ներկայացուցիչների ընտրվելը երկիրը կղեկավարի անցումային կառավարությունը:
Փաստաթղթի համաձայն՝ նոր քաղաքական գործընթացը Սիրիայում պետք է սկսվի 2016թ. փետրվարին:












































