Հունվարի 5-ի Ճրագալույցի պատարագը Սուրբ Սարգիս եկեղեցում միասին, կողք կողքի ունկնդրում էին Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Տարոն Մարգարյանը: Ի՞նչն էր նրանց միասին տարել եկեղեցի՝ Սուրբ Ծննդի Ավետիսը լսելու կա՞մքը, արարողակարգային ինչ-որ պարտավորություննե՞րը, PR-ը կամ ինչ-որ ի խորոց սրտի բխած ցանկությունն ու ակնկալի՞քն առ Աստված՝ շատ դժվար է ասել: Մի բան հստակ է, որ այդ երեք մարդկանց առօրյա գործունեությունն ու դրա հետևանքները, ըստ էության, շատ քիչ կապ ունեն քրիստոնեական արժեքների հետ:
Նրանց երեքի ներկայությունը եկեղեցում, սակայն, շատ խորհրդանշական էր հատկապես 2016-ի մեկնարկին, որը հենց այդ երեքի համար է թերևս լինելու կարևորագույն տարի: Բանն այն է, որ 2016-ին հենց նրանք են, որ մտնում են «կենաց-մահու» պայքարի փուլ: Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը պայքարելու են խորհրդարանական մեծամասնության և դրա արդյունքում վարչապետի պաշտոնի համար, իսկ Տարոն Մարգարյանը՝ քաղաքապետի պաշտոնը պահպանելու: 2017 թվականին երկու ընտրություններն են, ութեև քաղաքապետի ընտրությունները մնացել են խորհրդարանականի ստվերում, այնուհանդերձ, չպետք է մոռանալ,- և իշխանությունն իհարկե երբեք այդ մասին չի մոռանում,- որ Երևանի քաղաքապետի, այսպես ասած, ենթակայության տիրույթում է հանրապետության կեսից ավելին՝ և՛ ժողովրդագրական, և՛ ռեսուրսային իմաստով:
Այս տեսանկյունից եռյակը, իհարկե, եկեղեցում ցանկությունների կամ «աղոթքի» շատ պատճառներ ունի: Ըստ որում՝ հետաքրքրական է, թե ո՞մ համար է աշխատելու Երևանը, այսինքն՝ Տարոն Մարգարյանը՝ Հովիկ Աբրահամյանի՞, թե Սերժ Սարգսյանի՞: Այսինքն՝ 2016-ին, 2017-ին ընդառաջ, ներիշխանական բավական ուշագրավ ինտրիգ է բացվում: Երևանյան ռեսուրսները Տարոն Մարգարյանն ո՞ւմ վարչապետության համար է ծառայեցնելու:
Անկասկած է, որ այդ ռեսուրսները շատ թանկ արժեն համապետական մասշտաբի պայքարում, և ըստ այդմ Տարոն Մարգարյանը հայտնվելու է Հովիկ Աբրահամյանի ու Սերժ Սարգսյանի արանքում՝ 2016 թվականի ընթացքում ստիպված լինելով աշխատել մեկի օգտին և մերժել մյուսին: Իհարկե, խոսքը ուղղակի մերժման մասին չէ, սակայն ակնհայտ է, որ Երևանն իր ռեսուրսներով լինելու է Հովիկ Աբրահամյանի և Սերժ Սարգսյանի հեռակա պայքարի դաշտ, ըստ այդմ Տարոն Մարգարյանին հարկ է լինելու կողմնորոշվել, թե այդ դաշտում ում կողմից է մասնակցելու պայքարին: Եվ իհարկե, ճիշտ կողմնորոշումից է կախված լինելու, թե ով կլինի Երևանի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն 2017 թվականին՝ Տարոն Մարգարյա՞նը, թե՞ մեկ այլ անձ:









































