Valancell ընկերությունը դատի է տվել Apple-ին՝ նրան մեղադրելով մարդու կենսաչափական ցուցանիշները հաշվարկող տեխնոլոգիայի գողության մեջ: Այս մասին հայտնում է ultramir.net-ը: Ընկերությունը պնդում է, որ կալիֆոռնիական արտադրողն անօրինականորեն այն օգտագործում է իր Apple Watch «խելացի» ժամացույցում:
Հյուսիսային Կարոլինայի դատարան ուղարկված հայցում Valancell-ը գրում է, որ 2013թ. սկզբին Apple ընկերությունը հետաքրքրվել է սրտի կծկումների հաղորդիչների ոլորտում իր մշակումներով՝ այն ժամանակ, երբ մշակվում էր ընկերության «խելացի» ժամացույցը: Կապվել է Apple-ի գործընկերության ծրագրերի հարցերով ավագ կառավարիչ Լին Հուն:
Դրանից հետո Apple-ի աշխատակիցները սկսել են Valancell-ի կենսաչափական հաղորդիչների աշխատանքի առանձնահատկությունների հետ կապված տեղեկություն պարզել: Նրանք գրանցվել են ընկերության կայքում և տեղեկություն են ներբեռնել PerformTek-Powered տեխնոլոգիայի մասին: Հայցում նշվում է, որ տվյալները ներբեռնվել են iPhone արտադրողին պատկանող մի քանի IP-հասցեներից: Միաժամանակ, ինչպես նշվում է, Apple-ի աշխատակիցներն իրենց մասին կեղծ տեղեկություն են տվել:
Հետագայում Valancell-ը մի քանի հանդիպում է ունեցել Apple-ի ներկայացուցիչների հետ: Նրանք քննարկել են հնարավոր համագործակցությունը: Նախնական պայմանավորվածության շրջանակներում Apple-ը PerformTek-Powered-ի ավելի մանրամասն նկարագրություն է ստացել: Դրանից հետո Apple-ն անսպասելիորեն հրաժարվել է շարունակել համագործակցությունը:
2014թ. աշնանը Apple-ը պաշտոնապես ներկայացրել է իր առաջին «խելացի» ժամացույցը: Valancell-ում պարզել են, որ Apple Watch-ի սրտխփոցի հաղորդիչն աշխատում է նույն սկզբունքով, ինչ Valancell-ի սենսորները:
Valancell-ն Apple Watch-ի արտադրողին մեղադրել է գողության մեջ և դրամական փոխհատուցում է պահանջել՝ իր տեխնոլոգիան արտոնագրելու պարտադիր պայմանով: Apple-ի մամլո ծառայությունում հրաժարվել են մեկնաբանել իրավիճակը:











































