Երկուշաբթի, ժամը 07-ին, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ձերբակալել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին՝ գրում է Վաննա Վանուչինին իր հոդվածում, որը հրապարակվել է La Repubblica թերթում:
Պարբերականը գրում է, որ վերոնշյալ նորությունը տարածվել է համացանցով և գրեթե միանգամից հերքվել Իրանի Irna ազգային տեղեկատվական գործակալության կողմից:
«Այս հաղորդագրությունը՝ լինի ճիշտ, թե սուտ, վկայում է ընտրություններից մեկուկես ամիս առաջ վարչակարգի ներսում աճող լարվածության մասին: Ընտրություններին Ահմադինեժադն այլևս չի կարող մասնակցի, քանի որ երկու անգամ արդեն ընտրվել է նախագահի պաշտոնին»,- գրում է հոդվածագիրը և հավելում, որ չորս տարի առաջ նրա վերընտրվելը հանգեցրեց իրանցիների զանգվածային ելույթների և պահպանողականների կողմից բարեփոխումների կողմնակիցների ճամբարի վերացման. Մուսավին և Քարուբին (թեկնածուներ, որոնք հանդես էին գալիս հօգուտ բարեփոխումների) մինչև հիմա գտնվում են տնային կալանքի տակ:
Հոդվածում նշվում է, որ այժմ Իրանում պատերազմն ընթանում է երկու պահպանողական խմբավորումների միջև՝ Ահմադինեժադը հակամարտության մեջ է մտել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ: Baztab կայքի տվյալներով՝ նախագահը խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին, որը Խամենեիի մտերիմ համախոհն է, մեղադրում է կոռուպցիայի մեջ:
«Ահմադինեժադը նույնիսկ սպառնացել է բացահայտել լայնածավալ խարդախությունը, որի շնորհիվ նա 2009թ. հայտնվել է իշխանության գլխին, եթե Պահապանների խորհուրդը մերժի իր դրածո Իսֆանդիյար Ռահիմ Մաշայի թեկնածությունը, որի հետ, ինչպես ասում են քննադատները, Ահմադինեժադը փորձում է ներդնել պաշտոնների փոփոխման համակարգը՝ Պուտին-Մեդվեդև օրինակով»,- եզրափակում է հոդվածագիրը:









































