«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Քաղաքաշինության նախկին նախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Վարդանյանն իր պաշտոնավարման տարիներին շքեղ վիլլա է ձեռք բերել Իսպանիայում: Այս ձեռքբերումն ուշագրավ է այն առումով, որ անցած տարեվերջին քաղաքաշինության ոլորտում հսկայական չարաշահումներ բացահայտվեցին:
Մասնավորապես՝ հայտնի դարձավ, որ Վ. Վարդանյանի պաշտոնավարման տարիներին Ազգային գրադարանի վերանորոգման նպատակով բյուջեից հատկացված 700 մլն դրամի մեծ մասը փոշիացվել է, իսկ գրադարանն էլ կիսավերանորոգված է մնացել: Բացահայտվեցին նաև, որ խոշոր գումարներ են մսխվել մի շարք դպրոցների վերանորոգման աշխատանքների ընթացքում:
Ճիշտ է, այդ չարաշահումների հետ կապված՝ քրեական գործ հարուցվեց Գլխավոր դատախազությունում, Վ. Վարդանյանը հարցաքննվեց, բայց պատասխանատուներ այդպես էլ չհայտնաբերվեցին: Փոխարենը քաղաքական շրջանակներում շրջանառվում է, որ ԲՀԿ-ական նախկին նախարարն Իսպանյայում շքեղ վիլլա է գնել:











































