Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ նոյեմբերի 13-ի փարիզյան ահաբեկչություններից հետո Վերսալի համագումարին ունեցած իր ելույթում նախագահ Օլանդը խոստացել էր նաև ահաբեկչական ծանր հանցագործության հեղինակներին հպատակազրկելու նախագծի մասին:
Ներկայումս ֆրանսիական արդարադատությունը նախատեսում է օրենքի ուժ տալ այդ նախագծին: Բայց հակազդեցությունները մեծ են և բազմաթիվ, ընդ որում՝բոլոր ճակատներից՝ ներառյալ կառավարության շրջանակներից և Ազգային ժողովի մեծամասնության՝ Սոցիալիստական կուսակցության կողմից:
Այս կապակցությամբ բողոքի ստորագրահավաք է կազմակերպվել նաև Ֆրանսիայի փոքրամասնությունների և միջազգային իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների նախաձեռնությամբ՝ «Տեղի պիտի չտանք» վերտառությամբ:
http://www.nousnecederonspas.org հասցեով ստորագրահավաք նախաձեռնած կազմակերպություններին արդեն իրենց զորակցությունը հայտնած անձանց ցանկի վերևում գրված է. «Մեզ համար վերջնականապես «ո՛չ» է պատասխանը։ Ո՛չ ոճրագործների պատճառած սարսափի շահարկմամբ հպատակազրկման նախագծին, ո՛չ արտակարգ իրավիճակին ենթակա ժողովրդավարությանը, ո՛չ առանց վիճարկման նախաձեռնված սահմանադրական բարեփոխմանը։
Մերժում ենք սարսափի կառավարումը, այն ապահովության ոչ մի երաշխիք չի առաջադրում, բայց հաստատ թույլ է տալիս ոտնակոխել մեր ամենքի հիմնական սկզբունքները։
Բացարձակ է մեր մերժումը։ Կոչ ենք անում արտահայտվել բոլոր նրանց, որոնք այլ պատկերացում ունին Ֆրանսիայից»։
Նշենք, որ նախաձեռնող կազմակերպություններից է Մարդու իրավունքների միջազգային դաշնակցությունը (FIDH), որի նախկին ընդհանուր քարտուղարն էր Րաֆֆի Գալֆայեանը:








































