Բանգլադեշի Դաքքա մայրաքաղաքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 501-ի: Այս մասին հաղորդում է AFP-ն՝ հղում կատարելով զինվորականներին:
Ավելի վաղ հաղորդվում էր 482 զոհերի մասին՚:
Rana Plaza ութհարկանի համալիրը, որում եղել են հագուստի կարի արտադրամաս, բանկ և բազմաթիվ խանութներ, փլուզվել էր ապրիլի 24-ին՝ տեղական ժամանակով ժ. 09.00-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 07.00-ին):
Շենքի պատերին ճեղքեր էին առաջացել դեռ նախօրեին, ինչը խուճապ էր առաջացրել կարի ֆաբրիկայի աշխատակիցների ու առևտրային կետերում աշխատողների շրջանում, սակայն ֆաբրիկայի ղեկավարությունը աշխատակիցներին ստիպել էր վերադառնալ աշխատանքի:
«Զոհերի թիվը ներկայում կազմում է 501 մարդ»,- ասել է լեյտենանտ Միր Ռաբին:
Հաղորդվում է, որ փլատակների տակից մարդկանց դուրս բերելու համար ներգրավվել են կռունկներ ու բուլդոզերներ:
Երեկ փլատակների տակից դուրս է բերվել 40 մարմին, անհետ կորած է համարվում դեռևս 149 մարդ:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, այդ մարդիկ երևի թե զոհվել են: Ընդհանուր առմամբ փրկվել է 2400 մարդ: Փլուզման պահին շենքում գտնվել է մոտ 3000 մարդ:









































