Սաուդյան Արաբիան խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ՝ Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակման ու Թեհրանի կտրուկ հայտարարություններից հետո, որոնք հաջորդել են Էր-Ռիադում շիա հոգևորականի մահապատժին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Շեյխ Նիմր Բաքր Ալ-Նիմրը և շիա փոքրամասնության 46 այլ ներկայացուցիչներ մահապատժի էին ենթարկվել շաբաթ օրը։ Նրանց դեմ ահաբեկչության մեղադրանք էր ներկայացվել։ Ի պատասխան՝ ցուցարարների բազմությունը Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա հարձակում էր իրականացրել։ Հենց այդ գործողությունն էլ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը համարել էր դիվանագիտական հարաբերությունների խզման պատճառ։ Նախարարի կիրակնօրյա հայտարարության մեջ ասվում է, որ բոլոր իրանցի պաշտոնյաները 48 ժամվա ընթացքում պետք է լքեն երկիրը։
Լիբանանյան շիայական «Հըզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլան մեղադրել է Սաուդյան Արաբիային մուսուլմանների միջև քաղաքացիական պատերազմ բռնկելու փորձի մեջ և իր հետևորդներին կոչ է արել չընկնել այդ թակարդը։
ԱՄՆ Պետդեպն ափսոսանք է հայտնել՝ կապված շիա քարոզչի մահապատժի հետ և նշել է, որ Էր-Ռիադի գործողությունները կարող են սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում։
Վաշինգտոնը սաուդյան իշխանություններին կոչ է արել հարգել ընդդիմության կարծիքն ու քննադատությունը սեփական հասցեին։
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին տարածաշրջանի շիաներին ու սուննիներին կոչ է արել հարաբերությունների սրման չգնալ։






































