Եթե 2016 թվականը ընտրական տարի լիներ, ապա, կասկած չկա` տեղացած առատ ձյունը լինելու էր իշխանական կուսակցությանը հասցված ամենամեծ հարվածներից մեկը: Իսկ եթե այդ ընտրությունը լիներ նախորդ սահմանադրության համաձայն նախագահական, ապա ամեն բան կընկներ իր տեղը:
Բանն այն է, որ ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, նախագահականը տեղի է ունենում ոչ թե մայիսին, այլ փետրվարին: Եվ եթե մինչև մայիս երևանցիները և հանրապետության մյուս քաղաքների բնակիչները մոռանան, կամ հավանական է, որ մոռանան, թե ինչպես չէր մաքրվում ձյունը փողոցներից ու մայթերից փետրվարին, ապա նախագահի ընտրության պարագայում նրանք այդ բանը չէին մոռանա, որովհետև հենց այդ ձյան ու սառույցի վրայով կգնային ընտրության: Թեև, միգուցե այդ ժամանակ իշխանությունները քափ ու քրտինքի մեջ փորձեին մաքրել այդ ձյունն էլ, սառույցն էլ, և եթե հարկ լիներ, ապա միգուցե հենց ՀՀԿ Խորհրդի անդամ քաղաքապետին հանձնարերին հանուն նախագահի` բահը վերցնել ձեռքն ու գործի անցնել սառույցն ու ձյունը հավաքելու համար:
Դժբախտաբար, Հայաստանում իշխանությունը սկսում է քիչ թե շատ աշխատել միայն նախընտրական նկատառումներից ելնելով, և տարբեր մակարդակներում իշխանության մարմինները իրենց պաշտոնական պարտականությունը կատարում են միայն նախընտրական նպատակահարմարությունից ելնելով: Եվ ցավալին թերևս կլինի այն, որ հանրապետության տարբեր քաղաքների բնակիչները իսկապես մոռանան, մայիսին մոռանան, թե ինչպես էին կաթվածահար եղել ֆիզիկապես և բարոյահոգեբանական առումով, երբ Երևանում և այլ քաղաքներում պարզապես առատ ձյուն էր եկել: Մինչդեռ պետք է հիշել, պետք է հիշել, որ էլի ձմեռ է գալու, գալու են դեռ ոչ նախընտրական ձմեռներ, և մենք կանգնելու ենք նույն չկոտրված սառույցի և կոտրած տաշտակի առջև:
Երևանցիները ձմեռային ցրտին շարունակում են հազարներով, տասնյակ հազարներով սառչել քաղաքի կանգառներում, ժամերով սպասելով, թե երբ է գալու մի տրանսպորտ, որի մեջ հնարավոր լինի խցկվել և հասնել աշխատանքի կամ աշխատանքից հասնել տուն: Ձմռան ցրտին քաղաքային տրանսպորտի հարցերը քիչ թե շատ կարգավորելու և քաղաքացիներին սառնամանիքին դրսերում թողնելու ժամանակահատվածը գոնե մի փոքր նվազեցնելու ուղղությամբ գրեթե չի արվում ոչ մի քայլ: Միայն անվերջ հայտարարություններ են ձյունը լավ մաքրելու, սառույցը լավ կոտրելու և ավտոբուսներ ներկրելու մասին: Իսկ ուր է այդ հայտարարությունների արդյունքը` երևի միայն քաղաքապետարանին է հայտնի: Այնտեղ ըստ երևույթին մտածում են, որ Երևանը ընդամենը մի քանի փողոց է, կամ կարծում են, որ երեք օր տեղացած ձյունը երեք շաբաթում մաքրելը հերոսություն է, մեծ նվիրաբերություն երևանցիներին:
Երևանի կառավարումը ինչ-որ առումով նաև Հայաստանի համար ստրատեգիական անվտանգության հարց է, քանի որ Երևանը ոչ միայն մայրաքաղաքն է, որտեղ կենտրոնացած է պետական կառավարման ապարատը, այլ նաև Երևանը հանրապետության կեսից ավելին է, որտեղ կառավարման ցանկացած էական վրիպում կարող է պարզապես ամբողջ երկիրը ենթարկել ցնցման: Վերջին օրերին Երևանում առկա իրավիճակը, ձմեռային կոլապսը, բնապահպանական սրվող խնդիրները, տրասնսպորտային ամենաթողությունն ու անտարբերությունը ու այդ ամեի հանդեպ Հայաստանի իշխանության իներտ արձագանքը պարզապես վկայում են, որ Հայաստանում չկա Երևանի ստրատեգիական նշանակության ամբողջական գիտակցում:
Պարզ է, որ Երևանի իշխանությունը ընտրովի է, կենտրոնական իշխանությունից անկախ: Սակայն Երևանի իշխանությունը կուսակցական իշխանություն է, իսկ այդ կուսակցությունը կենտրոնական իշխանության մեջ մեծամասնություն կազմող, նախագահի, կառավարության և Ազգային ժողովի լծակները տնօրինող կուսակցություն է, իսկ այդ կուսակցության ներկայացուցիչ նախագահն էլ քաղաքապետի երդմնակալության արարողությանը նրան հորդորում էր հուսախաբ չանել իրենց և քաղաքացիներին: Քաղաքացիներն, իհարկե, հուսախաբ չեղան, պարզապես նրանք համոզվեցին, որ Հայաստանի իշխանական ներկայիս համակարգի պայմաններում որևէ պաշտոնյայի անիմաստ է հանրային քարտ-բլանշ տալը, անկախ այդ պաշտոնյայի անձնական, մասնագիտական, մարդկային որակներից, որովհետև այդ ամենը տեղավորված է և պտտվում է անորակ համակարգում:











































