Ապրիլի 29-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի նորաստեղծ կրոնական ազատությունների գրասենյակի ղեկավար, դեսպան Էնդրյու Բեննետտին: Զրույցի ընթացքում Էնդրյու Բեննետտը նշել է, որ գրասենյակի ստեղծման նպատակն է ապահովել լայն դաշտ աշխարհում խղճի ազատության ոտնահարման դեպքերին լավագույնս արձագանքելու համար:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնել են, որ դեսպանները զրուցել են Հայաստանում կրոնական ազատությունների պաշտպանության հարցերի շուրջ և դրականորեն արձանագրել Հայաստանեաց Առաքելական Եկեղեցու հետ մեկտեղ մուսուլմանական մզկիթի, հրեական սինագոգի, ուղղափառ եկեղեցու և այլ կրոնական կառույցների առկայության փաստը: Քննարկվել են նաև Կանադայում մի քանի տասնյակ հայկական եկեղեցիների գործունեությանը, ինչպես նաև` Կանադայի հոգևոր-մշակութային կյանքում հայկական համայնքի լավագույնս ներգրավվածությանն առնչվող հարցեր:
Դեսպան Եգանյանը գրասենյակի ղեկավարին ներկայացրել է արտերկրում հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանության հետ կապված խնդիրները, մասնավորապես, գրասենյակի ղեկավարի ուշադրությունը հրավիրելով Ջուղայի հայկական գերեզմանների ու խաչքարերի ոչնչացման վրա: Դեսպան Եգանյանն ընդգծել է հոգևոր-մշակութային արժեքների ոչնչացման անթույլատրելիությունը և նմանատիպ բարբարոսությունները պատժելու և կանխելու հրատապությունը:
Հանդիպման ավարտին դեսպաններն ընդծել են իրենց պատրաստակամությունը համագործակցել կրոնական ազատությունների և մշակութային արժեքների պաշտպանության ոլորտներում:










































