Հայտնի ամերիկացի գործարար, Berkshire Hathaway ներդրումային հոլդինգի ղեկավար 82-ամյա Ուորեն Բաֆեթը սեփական օգտահաշիվ է բացել Twitter միկրոբլոգների ցանցում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Բաֆեթը, որին շատերը համարում են XX դարի ամենահաջողակ ներդրող, Նեբրասկա նահանգի համալսարանում ժամանակակից ամերիկյան հասարակությունում կանանց դերին նվիրված կոնֆերանսի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է ցանցում իր մուտքի մասին՝ @WarrenBuffett: Մի քանի ժամ անց նրա էջին արդեն ավելի քան 150 հազար օգտատեր էր միացել: Ներդրողն անձամբ դեռևս ոչ ոքին Twitter-ում չի ընթերցում:
«Իմ ընտանիքն այլևս չի կարող պնդել, որ ես XIX դարում եմ մնացել»,- կատակել է միլիարդատերը:
Հայտնի է, որ Բաֆեթին քիչ են գրավում ներդրումները տեխնոլոգիական ընկերություններում:
Նրա խոսքով՝ ինքը չի կարող կանխագուշակել այդ ընկերությունների ապագան այնպիսի վստահությամբ, ինչպես ապահովագրական կամ արդյունաբերական ընկերությունների դեպքում: Ներդրողի աշխատասենյակում նույնիսկ համակարգիչ չկա, սակայն նա դրանից օգտվում է տանը, այդ թվում՝ առցանց խաղեր խաղալու համար:
Նշենք, որ 2008 թվականին Բաֆեթը գլխավորել է Forbs-ի վարկածով աշխարհի հարուստների ցուցակը: Այս տարի գործարարը, որի կարողությունը գնահատվում է 57 միլիարդ դոլար, այդ վարկանիշում զբաղեցնում է 3-րդ տեղը:







































