Ամերիկյան ոստիկանությունը Մասաչուսեթս նահանգում ձերբակալել է 18-ամյա ուսանողի, ով Facebook-ում սպառնացել է ավելի մեծ մասշտաբի ահաբեկչություն կազմակերպել, քան եղել է բոսթոնյան մարաթոնի ժամանակ: Այս մասին հաղորդել է Eagle-Tribune համացանցային կայքը՝ հղում կատարելով ոստիկանության ներկայացուցիչներին:
Ոստիկանությունը հետաքրքրվել է Քեմերոն Դամբրոզիոյով այն բանից հետո, երբ Մեթուեն քաղաքի բարձրագույն դպրոցի ուսանողները Facebook-ի էջում տեսել են ահաբեկչություն կազմակերպելու մասին նրա հայտարարությունը:
«Նա պահանջում էր մարդկանցից լռել և սպառնում էր ինչ-որ մեկին սպանել: Նա ասում էր, որ կպայթի ու կհայտնվի լուրերի թողարկման մեջ, որ իր արածից հետո կարիք չի լինի լացել, որովհետև մարդիկ արժանի են դրան»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչ Ժոզեֆ Սոլոմոնը:
Վերջինիս խոսքերով՝ նման հայտարարություններին իրավապահ մարմինները լրջորեն են վերաբերվել, չնայած, որ ուսանողը կոնկրետ անձանց չի սպառնացել:
«Մոռացեք Բոսթոնի պայթյունի մասին, տեսեք՝ ես ինչ եմ անելու: Ես պատրաստվում եմ հայտնի դառնալ»,- գրել է նա Facebook-ի իր էջում:
Ոստիկանությունը ձերբակալել է Դամբրոզիոյին չորեքշաբթի երեկոյան, հինգշաբթի նա պետք է կանգնի դատարանի առաջ: Նա մեղադրվում է ահաբեկչական սպառնալիքի մեջ, ինչի համար կարող է դատապարտվել մինչև 20 տարվա ազատազրկման: Բացի այդ, կասկածյալի վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությունը փոխանցել է ԿՀՎ-ին:








































