Երևանի Ազատության հրապարակում ԲՀԿ-ի հրավիրած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Դիմելով երևանցիներին՝ նա ասաց, որ շատ ուրախ է այսօրվա հանդիպման համար: Նրա խոսքերով՝ «ամենակարևորը հուսախաբ չպետք է լինել, քանի որ ԲՀԿ-ն իր ասածի տերն է եղել և տերն է լինելու»:
Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ ոչ մեկի առաջ բարոյական պատասխանատվություն չունի, միայն՝ ժողովրդի: Նա նշեց, որ ԲՀԿ-ական քաղաքապետը կաշառք չի վերցնելու, քաղաքացու դիմումը նույն օրը պատասխան է ստանալու, երևանցին իրեն պաշտպանված է զգալու, իսկ ով քաղաքացուն վերևից նայի, աշխատանքից հեռացվելու է:
«Երևանում չկա չլուծվող խնդիր, անլուծելի խնդիր չկա, սրտացավ մարդիկ են պետք: Քաղաքական իշխանությունը ոչ թե հոր սեփականություն է, այլ ծանր աշխատանք: Մենք միասին պետք է լինենք, համախմբվենք, հզորացնենք: Կոչ եմ անում, որ հայաստանցի հայերը արտագաղթի ճանապարհը մոռանան։ Մեր երկիրն է, միասնական լինենք, կարողանանք ունենալ հզոր երկիր, գեղեցիկ մայրաքաղաք և կարողանանք բարեկեցիկ կյանք ապահովել: Ամենակարևորը՝ համախմբում պետք է լինի իրար հետ, կողք կողքի կանգնած: Պետք է երկրում լինի արդարություն, մրցակցություն, պայման ու հնարավորություն, որ ամեն մարդ կարողանա աշխատի ու ստեղծի: Մեր քաղաքական թիմին շնորհակալություն եմ ուզում հայտնել:
Սիրելի քաղաքացիներ, ես ուզում եմ ասել, որ ամենակարևորը մի վախեցեք, ձեզ վախեցնողներն ամենաթույլ մարդիկ են: Ուզում եմ, որ դուք գնաք ընտրության, մտածեք ձեր Երևանի, ապագայի, ձեր թաղի համար: Ընտրություն կատարեք ձեզ համար: Ընտրության համար ձայնը տվեք նրան, ում հավատում եք, հույս եք կապում՝ այդ ժամանակ ամեն ինչ ճիշտ կլինի։ Գնացեք ընտրության ձեզ համար: Մենք գնում ենք հաղթանակի համար»,- ասաց ԲՀԿ առաջնորդը:
Եզրափակելով իր խոսքը՝ նա հանրահավաքի մասնակիցներին մայիսի 14-ին ժամը 15-ին հրավիրեց Աբովյան քաղաք՝ իր ընտանիքի հովանու ներքո կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բացման արարողությանը:











































