Հովհաննես Կոնստանտինի Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 29-ին՝ Ֆեոդոսիայում: Նրա հայրը ծագումով հայ Ղրիմի վաճառական էր: Ընտանիքը հարուստ չէր:
Այվազովսկին սովորել է Սիմֆերոպոլի գիմնազիայում, այնուհետև Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: Ակադեմիան ավարտելուց հետո երիտասարդը շատ է ճանապարհորդել՝ այցելել է Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, ավելի ուշ եղել է Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, Ամերիկայում: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Նկարչի աշխատանքներում գերակշռում են ծովային պատկերները: Նրա ամենահայտնի աշխատանքներից է «Իններորդ ալիքը» (1850թ): Նա իր բազմաթիվ աշխատանքներ նվիրել է ռուս նավաստիների սխրանքներին («Նավարինի ծովամարտը», «Չեսմենի ծովամարտը»):
Ընդհանուր առմամբ նկարիչն ավելի քան 6000 աշխատանք ունի: Կյանքի օրոք աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունեցել նրա նկարների ավելի քան 120 ցուցահանդեսներ:
1845 թվականից ծովանկարիչը բնակվել է Ֆեոդոսիայում, որտեղ հիմնադրել է արվեստի դպրոց և պատկերասրահ, որոնք այնուհետև կտակել է Ֆեոդոսիային:
Նա մահացել է 1900 թվականի մայիսի 2-ին:














































