Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը հայտնել է, որ թիմի ֆուտբոլիստներն անհամբերությամբ սպասում են Ժոզե Մոուրինյոյի վերադարձին: Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում պարտություն կրելուց հետո պորտուգալացի մասնագետը հերթական անգամ հայտարարել է, որ կարող է լքել «արքայական ակումբ»-ը:
Սերբ ֆուտբոլիստը նշել է, որ լոնդոնյան ակումբի բոլոր ֆուտբոլիստները կրկին մեծ հաճույքով կմարզվեն Մոուրինյոյի գլխավորությամբ` 6 տարի ընդմիջումից հետո:
«Բոլորը «Չելսի»-ում անհամբեր սպասում են, որ Մոուրինյոն վերադառնա: Մենք դեռևս ստույգ տեղեկություններ չունենք այդ առումով, բայց յուրաքանչյուրս ցանկանում ենք, որ դա տեղի ունենա: Ժոզեն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Նրա հետ մենք ավելի հզոր կդառնանք: «Չելսի»-ն դուրս կգա նոր հարթության վրա և կկարողանա պայքարել չեմպիոնի տիտղոս նվաճելու համար»,- Sky Sports-ը մեջբերում է Իվանովիչի խոսքերը:








































