Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն, որը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել «գազային գործով», պետք է ազատ արձակվի՝ հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք կրկին կոչ ենք անում ազատ արձակել Տիմոշենկոյին և դադարեցնել Ուկրաինայում քաղաքական հետապնդման պրակտիկան»,- ասել է Վենտրելը լրագրողներին՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը:
Ստրասբուրգի դատարանը երեկ Տիմոշենկոյին ճանաչել է քաղբանտարկյալ: Դատարանի որոշումը մատնանշում է, որ «գազային գործով» նրա ձերբակալման պատճառները կապված են հենց քաղաքականության հետ:
Համաձայն վճռի՝ դատարանը միաձայն ճանաչում է, որ խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին, չորրորդ և հինգերորդ կետերը և 18-րդ հոդվածը: Կիևը երեք ամիս ունի որոշուը բողոքարկելու համար:









































