Դեռևս 2012թ. Հայ ազգային կոնգրեսի կողմից՝ բանակում զոհված, սպանված,
բռնությունների ենթարկված զինծառայողների, նրանց հարազատների կողմից
դիմումների և հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրման ժամանակավոր
հանձնաժողով ստեղծելու գործընթաց էր սկսվել: Սակայն այդ հանձնաժողովն
այդպես էլ չկայացավ: «Ժողովուրդ»-ն ԱԺ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից փորձել է պարզել, թե ինչ եղավ հանձնաժողով ստեղծելու այդ նախաձեռնությունը:
«Դեռևս այն ժամանակ 4 զինվորների մայրեր դիմեցին, ու նրանցից բացի, այլ մայրեր մեզ դիմումներ չուղարկեցին, չհանդիպեցին: Զոհված զինծառայողների մայրերը փորձեցին նման խնդիրներով այլ մայրերի ևս ներքաշել այս հանձնաժողովի մեջ, բայց նրանց մոտ չստացվեց այդ փորձը: Հարցն այն չէ, որ չվստահեցին Կոնգրեսին, այլ պարզապես վստահություն չունեն, որ կկարողանան արդարության հասնել: Ու արդյունքում ունեցանք այս պատկերը»,- ասաց նա: Ասել է թե՝ հանձնաժողովը հնարավոր չեղավ կազմավորել:










































