Սիրիական ընդդիմության գրոհայինները քիմիական նյութ են տարածել երկրի հյուսիսում գտնվող Սարակեբ քաղաքում, որպեսզի հետագայում քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրեն Դամասկոսին: Այս մասին այսօր հայտարարել է ՄԱԿ-ում երկրի ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:
Միջազգային կազմակերպության շտաբ-գրասենյակում տված մամլո ասուլիսի ժամանակ նա հաստատել է սիրիական հեռուստատեսության տեղեկատվությունն այն մասին, թե երկուշաբթի օրը թուրքական սահմանի մոտ գտնվող Սարակեբ քաղաքում գրոհայինները մարդկանց ամբոխի վրա անհայտ փոշի են ցանել: Դիվանագետի խոսքերով՝ «այդ տարածքում գտնվողներից մեծամասնության մոտ այնպիսի ախտանիշներ են առաջացել, որոնք գոյանում են քիմիական զենքի կիրառման դեպքում»:
Ինչպես նշել է Ջաֆարին, դեպքի մասնակիցները Թուրքիա են տեղափոխվել: «Այսօր կամ վաղը դուք կլսեք թուրքական կառավարության հայտարարություններն այն մասին, թե սիրիական իշխանությունները Սարակեբում քիմիական զենք են կիրառել»,- ասել է Բաշար Ջաֆարին:
Սիրիայի պատվիրակը միջազգային կազմակերպությանը կոչ է արել օպերատիվ արձագանքել սիրիական կառավարության խնդրանքին, հետաքննել Հալեպի մերձակայքում գտնվող Խան Ալ-Ասալ բնակավայրում տեղի ունեցած ենթադրյալ քիմիական հարձակման դեպքը: Պատվիրակը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն արդեն համաձայնել էր հետաքննել դեպքը, սակայն հետագայում փոխել է որոշումը՝ ենթարկվելով Բրիտանիայի և Ֆրանսիայի քարոզներին:










































