Ամստերդամի Նոր եկեղեցում տեղի է ունեցել Նիդեռլանդների թագավորի երդմնակալության արարողությունը, հայտնում է ITAR-TASS-ը:
Պետական հիմնից հետո միապետը ելույթով դիմել է մորը: Նա շնորհակալություն է հայտնել արդեն նախկին թագուհի Բեատրիսին, ով 33 տարի գահին է եղել՝ նշելով, որ մայրը «հետևել է Սահմանադրությամբ ամրագրված արժեքներին»: Առաջին շարքում նստած թագուհին, լսելով որդու խոսքերը, դժվարությամբ է զսպել արցունքները:
Խոսելով, որպես միապետ, իր ապագա առաքելության մասին՝ Վիլլեմ-Ալեքսանդրը խոստացել է, որ «հպարտությամբ է ներկայացնելու թագավորությունը»: «Ես ուզում եմ միավորել հոլանդացիներին ուրախության ու տխրության պահերին»,- ասել է նա:
Արտասանելով թագավորական երդումը և վեր բարձրացնելով աջ ձեռքի երկու մատները՝ նա խոստացել է հավատարիմ մնալ Սահմանադրությանն ու բարխղճորեն կատարել դրանից բխող պարտականությունները, պաշտպանել ողջ հոլանդացի ժողովրդի ազատությունն ու իրավունքը, պահպանել երկրի տարածքը, նպաստել թագավորության բարգավաճմանը:
Դրանից հետո, ավանդույթի համաձայն, Նիդեռլանդների խորհրդարանի երկու պալատների անդամները հերթով ոտքի են կանգնել ու հավատարմության երդում տվել արքային:
Եկեղեցու հրապարակում հավաքված հանդիսատեսն արքային ողջունել է ուրախ բացականչություններով։
Նիդեռլանդներում երկրի նոր ղեկավարը չի թագադրվում, այլ գահ է բարձրանում:











































