Ապրիլի 24-ին Սուրբ աթոռում ՀՀ նորանշանակ դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Սուրբ Աթոռի պետքարտուղարության ընդհանուր գործերի քարտուղարի տեղակալ մոնսենյոր Պետեր Վելսին:
Ողջունելով Հայաստանի դեսպանին` մոնսենյոր Վելսը հավաստիացրեց, որ Վատիկանում մեծ գոհունակությամբ է ընդունվել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանություն հիմնելու մասին Հայաստանի իշխանությունների որոշումը:
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեսպան Մինասյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է Հայաստանի և Վատիկանի միջև առկա բարեկամական հարաբերություններին և պատրաստակամություն հայտնեց ներդնել բոլոր ջանքերը գոյություն ունեցող կապերը առավել ամրապնդելու և զարգացնելու համար:
Դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ դեսպան Մինասյանը հանդիպեց նաև Սուրբ Աթոռի արարողակարգի ղեկավար մոնսենյոր Բետանկուրին, Պետությունների հետ հարաբերությունների քարտուղար մոնսենյոր Դոմինիկ Մամբերտիին, ինչպես նաև Սուրբ Աթոռում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի դուայեն, Մոնակոյի դեսպան պարոն Միշելին:
Մոնսենյոր Մամբերտիի հետ հանդիպմանը երկուստեք արձանագրվել է Հայաստանի և Վատիկանի միջև գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը և դրանք առավել զարգացնելու առկա ներուժը: Այս կապակցությամբ մոնսենյոր Մամբերտին ողջունել է Սուրբ Աթոռում դեսպանություն բացելու և ռեզիդենտ դեսպան նշանակելու Հայաստանի իշխանությունների որոշումը:









































