ՀԱԿ կուսակցության հանրահավաքին ելույթ է ունեցել Երևանի ավագանու ընտրություններին ՀԱԿ կուսակցության ցուցակի 9-րդ հորիզոնականը զբաղեցնող ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի դուստրը՝ սոցիոլոգ Գայանե Ղազարյանը:
Նրա կարծիքով՝ հասարակությանը որևէ լծակ թողնված չէ պետության իշխանության վրա ազդելու համար. տարիներ շարունակ քերել, քամել և լցրել են իրենց գրպանները և որևէ պատասխանատվություն չեն կրում:
«Մեզանից խլել են բոլոր լծակները: Տարոն Մարգարյանը կարողացել է մի քանի տարիների ընթացքում, բիզնեսով չզբաղվելով, դիզել տասը միլիոն դոլարի ունեցվածք և սա միայն հայտարարագրված փաստաթղթում է, սա միայն իրեն պատկանող ունեցվածքն է, մենք դիմել ենք, բայց որևէ պատասխան չենք ստացել, երբ հանրապետության մեծ մասն աղքատ է, որտեղի՞ց է կուտակել այդքան գումար», ասաց Գայանե Ղազարյանը: Նման հասարակությունում, նրա դիտարկմամբ, մնացել է միայն տեղեկատվությունը, որից էլ զրկում են հասարակությանը, բլոկադայի են ենթարկել ԶԼՄ-ն և զրկում են ճշմարտությունն իմանալուց:
«Ամոթ, թալանչի՛ մարդիկ»,-ասաց նա:
Նա նշեց, որ ավագանիում հայտնվելու դեպքում իրենք հնարավորություն կունենան հանրությանը տեղեկացնել այն որոշումների մասին, որոնք նախատեսվում են իրականացնել, որպեսզի ոչ թե հետին թվով դուրս գալ փողոց, այլ կանխավ պայքարել:
«Դուք արդեն հինգ և ավելի տարիներ պայքարում, բայց պետությունը հինգ տարում չի ստեղծվում, և ավելի շատ ժամանակ է պետք, որպեսզի նորմալ բաշխենք բյուջեն, վերջ դնենք մենաշնորհին: Խնդիրն այն է, որ իշխանությունները փորձում են ցույց տալ, որ մեծ դեր չունի ավագանու ընտրությունը, սակայն սուտ է, սրանք կարևորագույն ընտրություններ են՝ իշխանությանը իր թալանչի մեխանիզմներից զրկելու հարցում»,-ասաց Գ. Ղազարյանը:
Նա նաև նշեց, որ հասարակությունն այս ընտրություններով հնարավորություն ունի իշխանությունը վերադարձնել իրեն. «Վերջապես հնարավորություն կունենաք կառուցել այն երկիրը, որը ձեզանից տարիներ շարունակ գողանում են»,- ասաց Գայանե Ղազարյանը:









































