Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, ԱՄՆ կառավարությանը կից կրոնական ազատությունների հատուկ հանձնաժողովը (USCIRF) հրապարակել է տարբեր երկրներում կրոնական ազատությունների դիտարկման վերաբերյալ իր տարեկան զեկույցը:
Դրանում Թուրքիայում կրոնական ազատությունների խնդիրը որակվել է որպես մտահոգիչ, և Թուրքիան ընդգրկվել է այն նույն խմբում, որում հայտնվել են նաև Աֆղանստանը, Բելառուսը, Կուբան, Հնդկաստանը, Լաոսը, Ռուսաստանը, Սոմալին, Տաջիկստանը և Վենեսուելան:
Իրավիճակն առավել վատթար է Մյանմայում, Հյուսիսային Կորեայում, Եգիպտոսում, Էրիթրեայում, Իրանում, Իրաքում, Նիգերիայում, Պակիստանում, Չինաստանում, Սաուդյան Արաբիայում, Սուդանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում ու Վիետնամում:
Զեկույցի թուրքական հատվածում մասնավորապես նշված է. «Թուրքական կառավարությունը շարունակում է սահմանափակումներ մտցնել կրոնական ազատությունների հարցում` դրանով իսկ շարունակելով սպառնալիքի տակ պահել կրոնական փոքրամասնությունների կենսունակությունը և գոյատևումը:
Թուրքական կառավարությունը նաև շարունակում է ջանքեր գործադրել կրոնի վրա վերահսկողություն հաստատելու համար և հրաժարվում է ամբողջովին օրինական (իրավական) կարգավիճակ տրամադրել կրոնական ինստիտուտներին:
Թուրքական կառավարությունը հրաժարվում է կրոնական բարեփոխումներ իրականացնել և փոխել այդ մթնոլորտը: Ավելին, նա շարունակ միջամտում է կրոնական համայնքների կրթական ու կառավարման ներքին խնդիրներին:
«Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության դատավարության գործում են հայտնվել մի շարք կրոնական առաջնորդներ: Գործող կառավարությանը տապալելու թուրք զինվորականների պլանում (Balyoz) էր հայտնվել մզկիթների ռմբակոծումը:
Բացի այդ, թուրքական հասարակությունում ու լրատվամիջոցներում գնալով նկատվում է հակասեմականության աճ»:
Հիշեցնենք, որ նախորդ տարի էլ USCIRF-ը ԱՄՆ Կոնգրեսին, Սպիտակ տանն ու նախագահի վարչակազմին կոչ էր արել Թուրքիան ներառել այն երկրների շարքում, ուր կոպտորեն ոտնահարվում են կրոնական ազատությունները, և կիրառվում է ամենամեծ խտրականությունը ոչ մուսուլմանական համայնքների նկատմամբ.
«Ավելի քան 50 տարիների ընթացքում թուրքական կառավարությունը գործի է դնում ոչ ժողովրդավարական օրենքներ («Ունեցվածքի հարկ»), որպեսզի բռնազավթի հունական, հայկական, կաթոլիկ ու հրեական համայնքների ունեցվածքը: Թուրքիայի խոշորագույն ոչ մուսուլմանական համայնք հանդիսացող հայկական համայնքը ցայժմ չունի ճեմարան, իսկ քահանաների թիվն ընդամենը 26-ն է»:
Պետք է հիշել նաև, որ բավական երկար ժամանակ է, ինչ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն անբուժելի հիվանդ է և չի կարողանում կատարել իր պարտականությունները: Դրա համար էլ հայկական համայնքը ցանկանում է նոր պատրիարք ընտրել, սակայն թուրքական իշխանություններն ընդդիմանում են դրան:
Փետրվարի սկզբներին Թուրքիայի բարձրագույն դատարանը մերժեց ընդունել հայկական համայնքի հայցը, որով վերջինս պահանջում էր թույլատրել նոր պատրիարքի ընտրությունների անցկացումը: Սա խոսում է այն մասին, որ Աթեշյանը ձեռնտու է թուրքական իշխանություններին:









































