«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը
– Տեր հայր, վերջին օրերին Facebook սոցիալական ցանցում ակտիվ քննարկումներ են ընթանում Գրողների միության նորաբաց կազմակերպության կողմից գրող Արթուր Սիմոնյանին 2010-ի «Լավագույն հեղինակ» մրցանակին արժանացնելու շուրջ, ով «Կյանքի խոսք» աղանդավորական շարժման ներկայացուցիչներից է: Քննարկմանը Դուք Ձեր դժգոհությունն էիք հայտնում, դատապարտում: Արդյո՞ք չպետք է կրոնի նկատմամբ հանդուրժողականություն լինի:
– Նախ ասեմ, որ Facebook սոցիալական ցանցում, ինչպես նաև մի շարք այլ սոցիալական կայքերում մենք մեր էջն ունենք, քանի որ կարևորում ենք հոգևորականի ներկայությունը ոչ միայն հավատացյալների շրջանում անմիջական շփման մեջ, այլ նաև ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մարդկանց հետ կապը, որն իր հերթին մեծապես օգնում է յուրահատուկ արդյունավետությամբ մարդկանց փոխանցել Աստծո խոսքը: Դա նաև հրաշալի միջոց է օգտակար լինել հոգևոր կյանքում, քանի որ լինում են դեպքեր, երբ մարդիկ առերես դժվարանում են ինչ-որ հարցի մասին խոսել և նախընտրում են գրավոր կերպով իրենց խնդիրը ներկայացնել:
Հիմա մրցանակի մասին: Մի քանի օր առաջ պատահաբար տեղեկացա, որ Երևանի գրողների միությունը մրցանակ է շնորհել մի աղանդավորական կազմակերպության գործչի և այնպիսի մրցանակ, որով գնահատվում է այդ անձն իր գրչի արդյունքների համար, բայց իրականում այդ գնահատանքը խորը նշանակություն ունի: Երբ մենք ինչ-որ մեկին գնահատանքի ենք արժանացնում ոչ միայն իր կատարածի համար, այլ գնահատում ենք` ի նկատի ունենալով տվյալ անձի գործի ամբողջությունը, այսինքն` գնահատում ենք տվյալ անձին` իբրև մեկը, ով բարի ծառայություն է բերում հասարակությանը: Հետևաբար, այն, ինչ կատարվել է, միանշանակորեն անընդունելի է և դատապարտելի, չպետք է տեղ տային այնպիսի մեկին, ով իր գործունեությամբ, ՙքարոզչությամբ՚ դավեր և ավեր է գործում մեր կյանքում:
– Տեր հայր, աղանդավորական շարժումների նման առատությունն ինչո՞վ եք պայմանավորում, գուցե Հայ առաքելական եկեղեցին իսկապես ճիշտ չի իրականացում իր առաքելությունը:
– Հայ առաքելական սուրբ եկեղեցին իր հոգևոր առաքելությունն իրականացնում է այնպես, ինչպես իրականացրել է դարեր շարունակ: Եկեղեցին այսօր ներկայացնում է մեր կյանքի բոլոր ոլորտները և իր հնարավորություններից, կարողություններից ավելի հոգևոր քարոզչություն է իրականացնում ե՛ւ դպրոցում, ե՛ւ բանակում, ե՛ւ քրեակատարողական հիմնարկներում, ե՛ւ մեր կյանքի բոլոր ոլորտներում: Հոգևորականը իրեն տրված շնորհն օգտագործում է արդյունավետ կերպով: Բայց հոգևորականի առաքելությունը հաջողություն չի ունենում, եթե ամեն մի գիտակից քրիստոնյա իր քայլերով չարձագանքի քարոզչությանը: Մեր այսօրվա հասարակական կյանքն այնպիսին է, որ աղանդներն, ուզեն թե չուզեն, կարող են ի հայտ գալ, և դա ունի տարբեր դրդապատճառներ, բայց կա հիմնական մի պատճառ` աղանդները ստեղծվում են, սերմանվում այնտեղ, որտեղ հնարավոր չէ մարդկանց կառավարել, որովհետև այդ մարդիկ ունեն հստակ գաղափարախոսություն, հոգևոր շինվածք, որ միայն փլելով կարելի է տիրել այդ մարդկանց:
– Դուք նշեցիք, որ հոգևորականն այսօր առավելագույնն է անում, բայց ինչո՞ւ հոգևորը մեր կյանքում չի ավելանում, բացի այն, որ մենք երկրի առաջին դեմքերի մակարդակով տեսնում ենք` վարչապետը կամ ԿԳ նախարարը ավելի շատ են եկեղեցի գնում, ավելացրել են արարողակարգերը, մանկավարժներն են օրհնվում իրենց տոնի կապակցությամբ: Որտե՞ղ է բացը:
– Հոգևորը մեր կյանքում կա, յուրաքանչյուրիս հոգում էլ այն կա, պարզապես ամեն մեկս այդ հոգևորն ապրելու, սովորելու միջոցը և կերպը պետք է գտնենք: Եկեղեցին այդ հնարավորությունը տալիս է մարդուն, հոգևորականն իր խոսքով կոչ է անում մարդուն ինքն իրեն ճանաչելու, իր մեջ այդ հոգևոր զգացումն ու ապրումն արթնացնելու:
– Հոգևորականի համար մեկ առաքելությունն այսօր ո՞րն է: Վերջին շրջանում առավել շատ է խոսվում, քննադատվում հոգևորականների ոչ ճիշտ պահվածքը: Նավասարդ Կճոյանի ՙԲենթլի՚ ավտոմեքենան դարձավ համար մեկ քննարկվող թեման: Ըստ Ձեզ` արդյո՞ք հոգևորականը պետք է թույլ տա իրեն նման շռայլություններ:
– Հոգևորականի բուն առաքելությունն Աստծո խոսքի քարոզչությունն է, որը պետք է իրականացվի ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Սուրբ Ավետարանն ասում է` Քրիստոս մինչև մի բան ասելը, նախ նույնն ապրում էր և անում: Բայց չպետք է մոռանալ, որ յուրաքանչյուր հոգևորական կազմված է մսից և արյունից: Նա ևս մարդ է, ունի իր մարդկային տկարությունները, թերությունները: Բայց այդ մարդկային տկարությունները նվաստանում են այն հոգևոր կոչման առջև, որ ունի հոգևոր սպասավորը: Բնականաբար, տարբեր մարդիկ տարբեր հոգևորականների հանդեպ տարբեր մոտեցումներ ունեն: Ոմանց համար այս հոգևորականը սիրելի է, մյուսը` նվազ սիրելի և այլն: Բայց այս ծայրահեղությունն էլ ճիշտ չէ, յուրաքանչյուր հոգևորական, եթե անգամ ամենահետին մեղավորը լինի, ունի այն շնորհը, որը ներգործում է հավատացյալի, եկեղեցու կյանքում: Եթե որևէ հոգևորականի մեջ տեսնում են արատավոր երևույթներ, որոնք վնասում են մեր հավատքին, դավանանքին, ժողովուրդը, այսինքն` եկեղեցին, բարձրաձայնում է այդ ամենը, և եկեղեցու հոգևոր իշխանությունը նախ պատժում է տվյալ անձին, որպեսզի շտկվի, իր թերությունները վերացնի, և եթե այդ անձը չի փոխվում իր կյանքում, իր վարքում, եկեղեցու հոգևոր իշխանությունը նրան կարգազուրկ է հռչակում, որպեսզի այդ չարության փոքրիկ խմորը ամբողջ զանգվածը չխմորի: Հետևաբար, մարդիկ պետք է գիտակցեն, որ հոգևորականները այս կյանքում ապրում են, օգտվում կյանքի հնարավորություններից այնքանով, որքանով պատշաճ է եկեղեցականի կոչմանը: Եվ եթե որոշ եկեղեցականներ իրենց կյանքում թույլ են տալիս շռայլություններ, դա ևս չպետք է դատապարտվի, նրանք առաջին հերթին պետք է նայեն հոգևորականի խոսքին, և եթե այդ խոսքը մարդուն հոգևոր շինություն է բերում, այն պետք է ընդունվի, իսկ եթե հոգևոր շինություն չի բերում, հոգևորականին պետք է մերժել: Որևէ մեկին չեմ ուզում արդարացնել, պաշտպանել, ամեն մեկն իր խոսքով, գործով պետք է պաշտպանվի: Հոգևորականի մեջ չպետք է մարդիկ տեսնեն աշխարհիկը:
– Իսկ եթե հոգևորականն ի՞նքն է իրեն աշխարհիկի մեջ դիտարկում, դրա համար հասարակության մեջ ընկալումներն են փոխվում:
– Այդ պարագայում էլ պետք է ներողամիտ գտնվել: Հոգևորականը, ինչպես ամեն մի հավատացյալ, իր անձնական կյանքում կարող է սխալվել. մենք ևս ունենք տկարություններ, մենք նույնպես մարդ ենք:
– Մեկ տարի առաջ Դուք կողմ էիք, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդվի, սակայն հասարակության ճնշման տակ եկեղեցին նահանջեց: Այսօր էլ հասարակության պահանջները շատ են փոխվել, հիմա էլ Կաթողիկեի շինարարությունն են կոչ անում դադարեցնել և մշակել տարածքի բարեկարգման «ավելի ընդունելի նախագիծ»: Հնարավո՞ր է` հասարակական բողոքի բարձրացման արդյունքում սա էլ կանխվի:
– Նախ ասեմ, որ եկեղեցին որևէ առումով նահանջ չի ապրել:
– Ուզում եք ասել ամառային դահլիճի տեղում եկեղեցին կկառուցվի՞:
– Երբ ժամանակը գա, այն կկառուցվի, կկառուցվեն բոլոր այն եկեղեցիները, որոնք ծրագրավորվում են ի շինություն հայ հոգևոր կյանքի: Եթե մենք ամեն վայրկյան հաշվի նստենք հասարակության պահանջների հետ, ապա մեր կյանքում պետք է անտեսենք շատ և շատ բարձր արժեքներ, որոնք մատուցվում են հասարակությանը տարբեր անհատների և կառույցների կողմից: Այսօրվա մեր հասարակության մեծ մասն այնպիսի երաժշտության, բարքերի սիրահար է, որոնք, մեղմ ասած, անընդունելի են: Քաղաքակիրթ պատմություն ունեցող մեր ժողովրդի համար պարզապես անընդունելի են: Հետևաբար, երբեք չի կարելի ականջ դնել այն ճաշակին, նախասիրություններին, որոնք հրամցնում է հասարակությունը կամ հասարակական մի զանգված, բայց սա չի նշանակում, որ հասարակության կարծիքը պետք է անտեսել: Այդ կարծիքն ընդունելի է, վերանայելի է, եթե խելքին մոտ է, եթե արդար է, հիմնավորված է կենսականորեն, իսկ եթե այն կառուցված է անտրամաբանությամբ, սխալական է ու վնասակար, բնականաբար մերժելի է, իսկ դրա փոխարեն մատուցվում է այն, ինչը ծառայելու է ի շինություն հասարակության զարգացման ու առաջընթացի: Եկեղեցաշինությունը մեր հասարակության համար խիստ անհրաժեշտություն է, որովհետև դա եկեղեցու հիմնական առաքելությունն է:








































