Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողներին ներկայացրեց 2013 թվականի առաջին եռամսյակի ամուսնությունների և ամուսնալուծությունների վիճակագրական տվյալները: Ըստ այդմ՝ 2013 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է 4991 ամուսնություն: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 4668 ամուսնություն. թիվը նվազել է 1.6 %-ով:
Մարզերում ամուսնության թվով աչքի են ընկնում Արարատի և Տավուշի մարզերը՝ Երևանից հետո: Սակայն բանախոսը նշեց, որ մեզանում ամուսնությունների թիվը միջին հանրապետական ցուցանիշից ցածր է:
Խոսելով ամուսնալուծությունների մասին՝ նա ասաց, որ դրանց թվով առաջին դիրքերում են Երևանն ու Լոռին: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ևս ամուսնալուծությունների թիվն աճել է՝ 779-ից դառնալով 897:
«Եթե մենք այս թվերը համեմատենք 90-ականների տվյալների հետ, ապա բարելավում կա, սակայն ցուցանիշը դեռևս ցածր է բավարար լինելուց»,- նկատեց նա:
Տիկին Կույումջյանն ասաց նաև, որ ամուսնության միջին տարիքը ևս աճել է. եթե տղամարդիկ նախկինում միջինը 27 տարեկանում էին ամուսնանում, ապա այժմ այդ թիվը հասել է 29-ի, իսկ աղջիկների դեպքում՝ միջինը 25-ի. «Ամուսնության տարիքի բարձրացումը կապված է այն երևույթի հետ, որ մեր երիտասարդները նախընտրում են կայանալ իրենց մասնագիտության մեջ, ինքնուրույն դառնալ, հետո միայն ամուսնանալ: Իսկ դա արդեն կախված է սոցիալ-տնտեսական պայմաններից»:









































