Այսօր Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի կունենա արքայազն Ուիլյամի և նրա հարսնացու Քեյթ Միդլթոնի պսակադրության արարողությունը: Հարսանիքին հրավիրված են մի քանի հարյուր մարդ` երկրների ղեկավարներից մինչև դերասաններ: Այն լուսաբանելու համար Լոնդոնում հավատարմագրվել են մի քանի հարյուր լրագրողներ: Այս հարսանիքի մասին արդեն մի քանի ամիս շարունակ գրվում է: Հետաքրքրությունը մեծանում է նրանով, որ արքայազն Ուիլյամը Ելիզավետա 2-րդի ամենահավանական հետնորդն է: Բացի այդ, Ուլյամն ուշադրության կենտրոնում է նաև այն պատճառով, որ նա աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող վաղամեռիկ արքայադուստր Դիանայի որդին է: Ինչպես և սպասվում էր, այսօր Ուիլյամը հարսանեկան արարողությանը կներկայանա զինվորական համազգեստով: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Սա ավանդույթ է թագավորական ընտանիքի արական սեռի բոլոր ներկայացուցիչների համար, երբ նրանք ամուսնանում են: Պատմության ընթացքում սա երրորդ ամենաթանկ հարսանիքն է: Այն թագավորական բյուջեի վրա նստել է 34 միլիոն դոլար:














































