«168 ժամ»-ի խմբագրականում կարդում ենք. «Հայաստանի իշխանությունների ամենասարսափելի հակառակորդն ընտրություններում ընդհանրապես, ոչ թե ընդդիմադիրները, քաղաքական մրցակիցները, իրենց քննադատոդներն են, այլ ժողովրդավարությունը՝ դրանից բխող որոշակի հետևանքներով և պարտականություններով: ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին հայտարարություններն իշխանությանը պետք են, որպեսզի միջազգային հանրությունն «ըմբռնումով մոտենա» այն ամենին, ինչը Հայաստանում իշխանությունն անում է ամենևին ոչ ժողովրդավարական նկրտումներով: Բայց «ըմբռնումով մոտենալու» դիմաց միջազգսյին հանրությունը պահանջում է ընդունել որոշակի խաղի կանոններ, որոնք մեր իշխանությանը երբեմն դնում են անհարմար վիճակի մեջ: Այդպիսի կանոններից մեկն էլ պաշտոնյաների ունեցվածքի պարտադիր հայտարարագրման պահանջն է, որը միջազգային կազմակերպությունների պահանջով ամրագրվել է օրենքով:
Պաշտոնյաները հետևում են այդ օրենքին ձևականորեն, ինչպես օրենքներին հետևում են ընդհանրապես կյանքում: Այսինքն՝ իրենց ունեցվածքն, այսպես թե այնպես, գրանցում են զանազան զոքանչների, աներձագների, մորաքույրների ու հորեղբայրների, վարորդների անուններով՝ հայտարարագրերում, որպես կանոն, ցույց տալով «անբասիր պաշտոնյային» հարիր կարողություն: Բայց լինում են նաև դեպքեր, երբ կամ պաշտոնյան բավարար չափով խելամիտ չի գտնվում ու ամբողջ ունեցվածքը չի ձևակերպում մերձավորների անունով, կամ ունեցվածքն այնքան շատ է լինում, որ չի կարողանում դրան համապատասխան քանակությամբ վստահելի մերձավորներ գտնել:
Թե նշված դեպքերից որն է տեղի ունեցել ործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեպքում՝ դժվար է ասել: Բայց փաստն այն է, որ ողջ կյանքի ընթացքում երբևէ ձեռնարկատիրությամբ չզբաղված 35-ամյա այս աշտոնյան ազնվություն կամ անկարողություն է դրսևորել և հայտարարագրել է նվազագույն հաշվարկներով մի քանի միլիոն դոլարի հասնող ունեցվածք: Հայտարարագրել է, բայց չի կարողանում պատասխանել «որտեղի՞ց» հարցին: Մամուլում թեև նշվեց, որ հայտարարագրում ամբողջ ունեցվածքը չէ նշված: Զավեշտը հասնում է այն ստիճանի, որ, երբ լրագրողները Տարոն Մարգարյանին հարցեր են ուղղում նրա սեփական, կրկնում ենք՝ սեփական կարողության մասին, պատասխանում է՝ այդ հարցով դիմեք իմ կենտրոնական շտաբին:
Հետաքրքիր է՝ եթե մարդն անձամբ չի կարողանում պատասխանել՝ ինչ միջոցներով է ձեռք բերել այս, այս, այս հողատարածքները, այն, այն, այն բնակարանները, և այլն, և այդպես շարունակ, ինչպե՞ս է, ասենք, նրա շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը պատասխանելու այդ հարցին: Բայց Տարոն Մարգարյանը հորդորում է դիմել շտաբին, քանի որ շտաբը ոչ թե տեղեկատվություն պարունակող ատասխան է տալու, այլ լղոզված ոճով ինչ-որ լիրիկական զեղում է անելու առ այն, որ Երևանի քաղաքապետի ունեցվածքի մասին հարցեր տալը սև քարոզչություն է, չարամիտ ստոր քայլ՝ ՀՀԿ-ի թեկնածուի հարաճուն վարկանիշը արատավորելու նպատակով:
Ենթադրենք, այս հարցը բարձրացրած Հայ ազգային կոնգրեսն իսկապես այդպիսի նպատակով է աղմուկ բարձրացրել, ինչը նորմալ է ընտրական պայքարի ժամանակ: Բայց Տարոն Մարգարյանը ոչ թե Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի պահակն է, այլ՝ Երևանի քաղաքապետը, և պարտավոր է հաշվետու լինել երևանցիներին, որոնցից մեկն էլ, ինչպես ամեն օր հայտարարում է, ինքն է: (Պատկերացնում եք, եթե բոլոր երևանցիներն ունենային Տարոն Մարգարյանի կարողության թեկուզ տասը տոկոսը, ապա Երևանը կդառնար աշխարհի ամենաշատ միլիոնատեր ունեցող մայրաքաղաքը): Այսքանից հետո, եթե որևէ մեկի համար պարզ չէ, թե ինչ են զգում Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցները Ժողովրդավարության հանդեպ, ապա նա առնվազն Տարոն Մարգարյանի շտաբի անդամ է: Արմեն Աշոտյանի ականջը կանչի»:









































