«Հրապարակ»-ի խմբագրականում կարդում ենք. «Որքան մոտենում է ընտրությունների օրը, այնքան կոշտանում են գնահատականները, հիստերիկ դառնում ելույթները, պրկվում ընտրարշավ իրականացնողների նյարդերը: Մնաց 5 օր: Այսօր արդեն մի քանի արձանագրում կարելի է անել: Նախ այն, որ երևանցին՝ ընտրողը, բավականին անտարբեր է ավագանու ընտրությունների նկատմամբ:
Ավանդաբար, մեզանում առավել մեծ հետաքրքրություն կա նախագահի ընտրությունների նկատմամբ, քանի որ այդ ընտրությունների հետ են մարդիկ կապում փոփոխությունների հույսը, իսկ խորհրդարանի և ՏԻՄ ընտրությունները, որպես կանոն, մեծ ուշադրության չեն արժանանում, թեև՝ իզուր: Երկրորդ դիտարկումը, որ կուզեի անել, այն է, որ ընտրությունների համար հայտ ներկայացրած կուսակցություններից ոչ մեկը համակիրների մեծ բանակ չունի, և ընտրարշավի ընթացքից արդեն կարելի է եզրակացնել, որ ընդգծված լիդեր չի լինելու:
Եվ, ըստ էության, շահելու է այն ուժը, որը կարողանալու է ընտրողին բերել ընտրատեղամաս: Թե ինչպես կբերի՝ զոռով-շառով-խաթրով-խաբելով, թե փողով, այլ հարց է և կերևա քվեարկության օրը: Երրորդ դիտարկումը, որ կարելի է անել, հենվելով նախորդ ընտրությունների փորձի վրա, այն է, որ ընտրությունների նախօրեին հնարավոր չէ գուշակել ընտրողի կամքը. հայ ընտրողը, կոպիտ ասած, այնպես է «շնացել», որ իր մտադրությունը թաքցնում է մինչև վերջին օրը, և միայն քվեատուփերը բացելուց հետո է պարզվում, թե ինչպես է քվեարկել:
Այնպես որ, մասնակից ուժերի հիստերիան միանգամայն հասկանալի է: Պատկերացնո՞ւմ եք ինչ կկատարվի Հանրապետականի հետ, եթե պարզվի, որ երևանցիների հազիվ 20 տոկոսն է քվեարկել նրա օգտին: Կամ հանկարծ ԲՀԿ-ն տեսնի, որ այս «հաղթական» քարոզարշավի արդյունքում իր օգտին քվեարկել է հազիվ 12 տոկոսը, և այդպես շարունակ»:







































