Եգիպտոսի և Պաղեստինի միջև սահմանը կբացվի առաջիկա 7-10 օրերի ընթացքում: Այս մասին Al-Jazeera հեռուստաալիքին ասել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Նաբիլ Ալ-Արաբին: Նա ասել է, որ Ռաֆահի անցակետը, որը Հոսնի Մուբարաքի ժամանակաշրջանում հիմնականում փակ էր լինում, քանի որ եգիպտացիները մտահգություն ունեին, որ Պաղեստինի ծայրահեղական խմբավորումներն այդտեղով զենք և զինամթերք կանցկացնեն, մշտապես բաց կլինի:
Ալ-Արաբին ավելացրել է նաև, որ այս քայլը թույլ կտա «թեթևացնել պաղեստիցի ժողովրդի տառապանքները»: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Նույն կայքը գրում է, որ սա Եգիպտոսի քաղաքականության կտրուկ փոփոխություն է, քանի որ պաղեստինյան հարցում նախկինում Եգիպտոսը միշտ խորհրդակցում էր Իսրայելի հետ: Իսրայելն ու Եգիպտոսը Գազայի շրջափակման քաղաքականությունն համատեղ իրականացնում էին 2007թվից, երբ այնտեղ հաստատվեց «ՀԱՄԱՍ» խմբավորումը: Այդ քայլով նրանք փորձում էին ոչ միայն կանխարգելել անօրինական զենքի և զինամթերքի մուտքը Պաղեստին, այլ նաև նվազեցնել «ՀԱՄԱՍ»-ի դերակատարությունը` այն դարձնելով ոչ պոպուլյար:
Իսրայելցիները նշում են, որ սա խախտում է 2005 թ. պայմանագիրը, երբ ԱՄՆ-ն, Եվրամիությունը, Իսրայելը և Եգիպտոսը համաձայնել էի համատեղ իրականացնել սահմանի հսկողությունը` թույլ տալով ԵՄ ներկայացուցիչներին դիտարկել սահմանային անցումները:








































