Սերբ հայտնի ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել հասարակական կյանքին: Նա այլևս մտադիր չէ հարցազրույց տալ, արտահայտվել քաղաքականության մասին և զբաղեցնել պետական պաշտոններ, հաղորդում է ITAR-TASS-ը:
«ԶԼՄ-ների համար ես հիմա դիակ եմ»,- ասել է ռեժիսորը:
Նրա խոսքերով՝ այս որոշման պատճառը տարեսկզբին իր հասցեին հնչած անհիմն մեղադրանքներն են, որոնց համաձայն Կուստուրիցան վատնել է պետական միջոցները:
Մոկրա-Գորա արգելանոցի ղեկավարության գործունեությունը ստուգելուց հետո, որի տնօրենը Կուստուրիցան է, ռևիզորները հաղորդել են, որ բացահայտել են տարբեր չարաշահումներ, մասնավորապես բյուջեի միջոցներից 2.7 միլիոն եվրոյի վատնում: Ռեժիսորը հերքել է բոլոր մեղադրանքները:
Կուստուրիցան իր վերջին հարցազրույցի ժամանակ ընդգծել է, որ վերոնշյալ սկանդալը դարձավ վերջին կաթիլը, որը լցրեց իր համբերության բաժակը:
«Ես պատճառ չունեմ պայքարը շարունակելու համար»,- ասել է նա:









































