Սիրիայի վարչապետ Վաիլ Ալ-Հալքիի դեմ մահափորձը կարող էին կազմակերպած լինել «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապված «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորման գրոհայինները՝ մի շարք արաբական և արևմտյան երկրների հատուկ ծառայությունների աջակցությամբ: Ինչպես հաղորդում է RIA Novosti- ն, նման կարծիք է հայտնել Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Շարիֆ Շահադան:
Նրա խոսքերով՝ Սիրիայի կառավարությունը հանցագործության պատասխանատվությունը դնում է «Ջաբհաթ Ալ-Նուսրա»-ի և այդ խմբավորումը հովանավորողների վրա՝ Քաթար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, որոնք զինում և աջակցություն են ցույց տալիս ահաբեկիչներին:
Ռազմավարական հետազոտությունների Դամասկոսի կենտրոնի ղեկավար Բասամ Աբու Աբդուլլահը ևս կարծում է, որ երկուշաբթի Մեզա թաղամասում պայթյունի հետևում կանգնած են այն պետությունների հատուկ ծառայությունները, որոնք պատերազմ են մղում Սիրիայի դեմ՝ Իսրայել, ԱՄՆ և արաբական մի շարք երկրներ:
Նրա կարծիքով՝ արտասահմանյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները գտնվում են ահաբեկչական խմբավորումների շարքերում, որոնք գործում են Սիրիայի տարածքում:
Նշենք, որ Դամասկոսի կենտրոնում՝ Մեզա թաղամասում, որտեղ տեղակայված են կառավարական շենքեր և դեսպանատներ, ականապատ պայթյունի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 13 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ անցնելիս է եղել Սիրիայի վարչապետի ավտոշարասյունը: Վարչապետը չի տուժել, զոհվել է նրա թիկնապահներից մեկը:









































