Ինչպես տեղեկացրել էինք, երեկ Վարդան Ղուկասյանը (Դոգ) հեռացվել էր աշխատանքից՝ «Հետք»-ի լրագրողի ու վերջինիս միջև Հյուսիսային պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետ կապված: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել է ծառայողական քննություն՝ լրագրողին վիրավորելու և հրելու դեպքի առնչությամբ:
«Առաջին լրատվական»-ը երեկ փորձեց կապ հաստատել Վարդան Ղուկասյանի հետ, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց խոսել վերջինիս հետ:
Մեր տեղեկություններով երեկ Վարդան Ղուկասյանը (Դոգ) հատել է Բագրատաշենի սահմանային անցակետը:
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին, Երևանի Հյուսիսային պողոտայում քաղաքացիական հագուստով ինչ-որ անձ հրել և վիրավորել է Hetq.am-ի լրագրող Անի Հովհաննիսյանին, ով այդ ժամանակ փորձել է պարզել, թե ինչու են ոստիկանները հորդորում այդտեղ կիթառ նվագող քաղաքացուն հավաքել իրերը և հեռանալ։ Այս մասին հայտնում է Hetq.am կայքը՝ ներկայացնելով լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպը։
«Հյուսիսային պողոտայով բարձրանում էի, երբ տեսա՝ ոստիկանական համազգեստով երկու անձ մոտեցել են փողոցային կիթառիստ Գևորգին և ստիպում են հավաքել իրերն ու իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժանմունք, իսկ քիչ հեռու կանգնած էր ոստիկանության «Գազելը»:
«Հետքի» հետ զրույցում կիթառիստը նշել է, որ ոստիկանները պատճառաբանում են, թե Հյուսիսային պողոտայում բնակվող շենքերից մեկի բնակիչը բողոքել է, որ երաժշտությամբ խանգարում է իր հանգիստը: «Երբ մոտեցա և պահանջեցի ոստիկաններին ներկայանալ և նշել՝ ինչո՞ւ են երաժշտին ապօրինի հրավիրում բաժանմունք, քաղաքացիական համազգեստով մեկը նախ վիրավորեց ինձ, իսկ հետո հրեց»,- գրել է Անի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ անձը համացանցում հայտնի է որպես Վ. Ղուկասյան, մականունը՝ Դոգ:







































