Պրահայի կենտրոնում տեղակայված շենքում պայթյունի հետևանքով հավանաբար զոհվել է 3-4 մարդ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Չեխական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով Պրահայի փրկարարական ծառայության տնօրենին:
Վերջինս հայտնել է, որ շները մի քանի անգամ նշել են այն վայրը, որտեղ կարող են լինել երեք կամ չորս զոհվածներ:
Փրկարարները մոտակայքում տեղակայված շենքերից տարհանել են ավելի քան 220 մարդու:
CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով հրշեջ ծառայությունների տվյալները, հաղորդում է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է առնվազն 55 մարդ: Նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն:
Նախնական տվյալներով՝ պայթյունի պատճառը եղել է գազի արտահոսքը:
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ, հրշեջներ և փրկարարներ: