Նաիրիտցիները կրկին ոտքի են ելել՝ պահանջելով իրենց տասը ամսվա աշխատավարձը: Կառավարության շենքի առջև են հավաքվել «Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ:
Քիչ առաջ տասը պատվիրակներ բարձրացել են կառավարության շենք՝ բանակցելու կառավարության ներկայացուցիչների հետ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում գործարանի աշխատակից Նվեր Աբրահամյանն ասաց՝ նախագահին իրենք վերջին անգամ բողոք են ներկայացրել դեկտեմբեր ամսին, որի ժամանակ խոստացել են իրենց պահանջը ամբողջությամբ բավարարել, բայց վճարել են ընդամենը երեք ամսվա աշխատավարձը, որից հետո մինչ այսօր ոչ մի գրոշ չեն ստացել: Ըստ աշխատակցի՝ կառավարությունը պարտավոր է լուծել իրենց աշխատավարձի, ինչպես նաև «Նաիրիտ» գործարանի կարգավիճակի հարցը:
«Մենք հիմա չգիտենք՝ աշխատո՞ւմ ենք, թե՞ ոչ, գործազո՞ւրկ ենք, թե՞ ոչ, լավ կլիներ, որ մեզ նաև այդ հարցի շուրջ պարզաբանումներ տային»,- ասաց Նվեր Աբրահամյանը:
Մեկ այլ նաիրիտցի տեղեկացրեց, որ «Նաիրիտ» գործարանի բոլոր աշխատակիցների աշխատավարձի մեկ ամսվա ֆոնդը կազմում է 1 միլիոն դոլար: Ըստ այդմ՝ ենթադրելի է, որ նաիրիտցիներին պարտք են շուրջ 10 միլիոն դոլար:










































