Կալիֆոռնիա նահանգի Էնսինիտաս քաղաքում անսպասելիորեն հայտնվել է ապակենախշ խճանկար, որի վրա պատկերված է Գվադելուպայի Կույս Մարիամը (Լատինական Ամերիկայում ամենասիրված սրբապատկերը), որը կանգնած է սերֆինգի տախտակի վրա: Կոմպոզիցիան հայտնվել է երկաթուղային անցումի վրա: Այս մասին հաղորդում է North County Times-ը:
Տախտակից, ծովից և Կույս Մարիամից բացի, որը ձեռքերն իրար միացրած աղոթում է, խճանկարի վրա կարելի է տեսնել «Save the Ocean» («Փրկե՛ք օվկիանոսը») գրությունը: Այս պատկերի ստեղծման ետևում ով է կանգնած՝ հայտնի չէ: Տեղի իշխանություններն ասել են, որ թույլ չեն տվել Կույս Մարիամին պատկերել նման կերպ:
Մասնագետների նախնական գնահատականներով, խճանկարի ստեղծումն արժեցել է մոտավորապես հազար դոլար և տևել է մոտ հարյուր ժամ: Թե ինչու ոչ ոք ուշադրություն չի դարձրել այս պրոցեսին՝ հայտնի չէ: Հիմա տեղի իշխանությունները և բնակչությունը պետք է որոշեն՝ թողնե՞ն այն, թե՞ հրաժարվեն այդպիսի մեկնաբանությամբ պատկերից:
Կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել այս խճանկարի հայտնվելու փաստը:
Էնսինիտասը Կալիֆոռնիայում սերֆինգով զբաղվելու ամենալավ տեղն է: Քաղաքը գտնվում է Խաղաղ օվկիանոսի ափին:






































