Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան պարզաբանում է արել՝ կապված վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հայտարարությունների հետ, թե պաշտպանական կոնցեպցիայում Ռուսաստանի, որպես թշնամու, հիշատակումը մեղմացված է: Նախարարի խոսքերով՝ սպառնալիքների գնահատումից բացի, որևէ արմատական փոփոխություններ չեն արվել՝ չնայած ռազմավարական սպառնալիքների տեսությունում նոր գրառում է հայտնվել: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Փաստաթուղթը, որը մշակվել է նախկին իշխանությունների կողմից, փոքրիկ փոփոխության է ենթարկվել: Նախարարի խոսքերով՝ փաստաթղթին ծանոթացել են բոլոր հետաքրքրված կողմերը, այդ թվում՝ Ազգային անվտանգության աշխատակազմը: Վերջնական տարբերակն արդեն երեք շաբաթ է՝ ուղարկվել է ԱԱԾ, որտեղ պետք է ստորագրվի: Փաստաթուղթը կծառայի ԶՈւ ղեկավարությանը ցույց տալու. թե ինչպես են զինված ուժերը զարգացել վերջին 4-5 տարում:
Փաստաթուղթը պարունակում է նաև վերլուծություն և սպառնալիքների գնահատական: Որևէ արմատական փոփոխություն դրանցում չի արվել:
Ալասանիայի խոսքերով՝ Ռուսաստանը, նրա ռազմական օկուպացիան և զինված ուժերն ամենամեծ սպառնալիքն են ներկայացնում իրենց ազգային անվտանգությանը: Ալասանիան նշել է, որ միակ բանը, որն ավելացվել է վարչապետի հետ համաձայնեցումից հետո, նոր իրողությունն է՝ այն պրագմատիզմը, որը հայտնվել է Ռուսաստանի հանդեպ իրենց քաղաքականության մեջ։ Այն, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը սկսվում է մարդասիրական-առևտրային հարցերից, փոքր հույս է ներշնչում, որ ապագայում հնարավոր է երկկողմ հարաբերությունների նորմալացման մեկնարկ:











































