Վերջին 11 տարվա ընթացքում ԱՄՆ տարածքում տեղի ունեցած ամենախոշոր ահաբեկչության կազմակերպիչների հետ իբր թե ազգությամբ հայ Միշայի կապի մասին միջազգային մամուլը չի դադարում գրել և խոսել:
Ամերիկյան CNN-ի «Հրատապ լուրեր»-ի թողարկման ժամանակ «հայազգի» Միշային է անդրադարձել նաև հայազգի հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը (նա եղել է փոփ-ռոք համաշխարհային աստղ Մայքլ Ջեքսոնի փաստաբանը, օրենքով գող Արմեն Ղազարյանի՝ Պզոյի դատապաշտպանը): Մարկ Կիրակոսն ասել է, թե ամերիկյան հասարակությունն իր ձևակերպումներում պետք է լինի ավելի փաստարկված: Փաստաբանը նշել էր, որ հայերը քրիստոնեությունն ընդունած առաջին ազգն են, ուստի որևէ մեկին հայ ներկայացնելուց առաջ և ինչ-որ մեղադրանքներ վերագրելուց առաջ պետք է հիմնավորել: Տարածված տեղեկությունները նա «սպեկուլյացիա» էր որակել՝ հավելելով նաև, որ Միշան, որն, ի դեպ, հայկական անուն չէ, տղաների հետ չի շփվել 3 տարուց ավելի: Եզրափակելով իր խոսքը՝ նա խոսել է 1915 թ. Օսմանյան կայսրությունում բնաջնջված 1.5 մլն իր հայրենակիցների մասին, որոնք սպանվել էին քրիստոնյա լինելու համար, մինչդեռ հիմա քննարկվում է իսլամ քարոզող հայերի հարցը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ միջազգային մամուլի էջերում տեղեկություն տարածվեց այն մասին, որ ապրիլի 15-ին Բոսթոնում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր կասկածյալ Թամերլան Ցարնաևը տարիներ առաջ հայտնվել է մուսուլմանական հայացքներ ունեցող ընկերոջ ազդեցության տակ, որը նրան հասցրել է իսլամական արմատականության: Թամերլանի քրոջ նախկին ամուսինը՝ 26-ամյա Էլմիրզա Խոժուգովը, իրավապահ մարմիններին հայտնել է, որ Թամերլանն ու նորահայտ ընկերը՝ Միշան, հանդիպել են 2008 կամ 2009 թվականին։ Նրանց հանդիպման վայրը Խոժուգովը չի հիշել, սակայն ասել է, որ նրանք միասին այցելել են Բոսթոնի մզկիթ: Խոժուգովը նշել է, որ Թամերլանի Միշա անունով ընկերը հայ էր:








































