Կախեթիում (Արևելյան Վրաստան) ֆերմերները ստորագրահավաք են անցկացնում՝ ընդդեմ հողերը օտարերկրացիներին վաճառելու: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Ակցիայի կազմակերպիչները մտադիր են հավաքել 25 հազար ստորագրություն՝ խորհրդարանին փոխանցելու համար: Ֆերմերների խոսքերով՝ 2013թ.-ի սկզբին նրանք արդեն բողոք-դիմում են ներկայացրել իշխանություններին, սակայն ոչինչ չի փոխվել: Օտարերկրացիներին հողերը վաճառելու առնչությամբ նրանք պահանջում են ստուգել ավելի վաղ իրականացված գործարքների օրինականությունը և այդ տարածքները վերադարձնելու ծրագիր մշակել:
Վրաստանում գյուղատնտեսության նախարար Դավիդ Կիրվալիձեն նշել է, որ օրենքով չի արգելվում օտարերկրացիներին հողակտորներ վաճառել:
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն կարգադրել է դադարեցնել հողակտորների վաճառքը, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է կարգավորել հողերի առքուվաճառքի հարցերը: Իսկ արդեն վաճառված հողակտորների վերաբերյալ վեճերը պետք է լուծվեն դատական կարգով:









































