Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների մեծաթիվ ներգաղթյալներ Եվրոպայում հայտնվելու անհաջող փորձերից հետո ուղևորվում են հունական Լեսբոս կղզի և փորձում փախստականի փաստաթղթեր ստանալ։ Այս մասին հայտնում է «Պրոտո Թեմա» պարբերականը։
Ոստիկանությունը չորեքշաբթի Մակեդոնիայի հետ Հունաստանի սահմանային Իդոմենի գյուղից դուրս է բերել մոտ 2300 տնտեսական ներգաղթյալների, որոնց մուտքը եվրոպական երկրներ մերժվել է։
Նոյեմբերի 18-ից Սլովենիան, Խորվաթիան, Սերբիան և Մակեդոնիան սկսել են թողնել միայն պատերազմով ճարակված պետությունների՝ Աֆղանստանի, Իրաքի ու Սիրիայի փախստականներին։ Մնացածը ճանաչվել են տնտեսական ներգաղթյալներ, «բալկանյան երթուղով» Արևմտյան Եվրոպայի երկրներ նրանց անցման իրավունքը մերժվել է։










































