Georgia Online-ի փոխանցմամբ՝ Չինաստանում գտնվող Վրաստանի էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կումսիշվիլին ստորագրել է փոխադարձ մտադրությունների մասին հուշագիր, որի հիման վրա անցկացվելու են կողմերի միջև ազատ առևտրի մասին պայմանագրի ստորագրման շուրջ բանակցությունները։
Կումսիշվիլին հայտարարել է, որ Վրաստանն արդեն իսկ ազատ առևտրի մասին համաձայնագիր ունի 800 միլիոնանոց շուկայի (ԵՄ) հետ, իսկ Չինաստանի հետ այդ պայմանագրի ստորագրմամբ դա կգերազանցի 2.2 միլիարդը:
«Երկու կողմն էլ շահագրգռված է հնարավորինս արագ ավարտել այդ բանակցությունները, որպեսզի մասնավոր սեկտորին հնարավորություն ընձեռվի մեծացնել բիզնեսն ու առևտրային շրջանառությունը։ Մեր երկրի համար սա շատ կարևոր իրադարձություն է»,- ասել է նա։
Չինական ու վրացական կողմերը նախապես հաշվարկել են ազատ առևտրի մասին պայմանագրից իրենց օգուտները։ Վրաստանի համար համապատասխան հետազոտությունն իրականացրել է PMCG ընկերությունը։
Հետազոտությունը վկայել է, որ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Վրաստանից Չինաստան արտահանումը կմեծացնի գրեթե 9 տոկոսով, իսկ Չինաստանից Վրաստան ներկրումը՝ մոտ 2 տոկոսով։ Ազատ առևտրի համաձայնագիրը 0.5 տոկոսով կնվազեցնի ներկրման հետ կապված հարկային ծախսերը։ Չինաստանը Վրաստանի երրորդ խոշոր առևտրային գործընկերն է։











































