Խորհրդարանում մեծ անհամբերությամբ սպասում են Վերահսկիչ պալատի 2016թ. տարեկան ծրագրին, ինչպես նաև 2014թ. գործունեության հաշվետվության քննարկումներին, մինչդեռ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը երեկ ավարտվեց: Բայց երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին, տեղի է ունենալու արտահերթ նստաշրջան, որի շրջանակներում միգուցե կքննարկվեն այդ երկու փաստաթղթերը:
Ճիշտ է, ԱԺ օրակարգում դեռ քննարկման են սպասում նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2016թ. ծրագրերը, սակայն, առանձնակի անհամբերությամբ են սպասում ՎՊ-ի ծրագրի և հաշվետվության քննարկումներին: Իսկ այդ երեք գերատեսչությունների ծրագրերը պետք է քննարկվեն ու ընդունվեն, հակառակ պարագայում նրանք եկող տարի գործունեության պլան չեն ունենա:
ԱԺ գարնանային նստաշրջանը կսկսվի փետրվարին, և խորհրդարանի ղեկավարներն ամեն ինչ պետք է անեն, որ գոնե այդ երեք փաստաթղթերը ներկայացվեն: Հակառակ պարագայում անցած տարվա իրավիճակը կկրկնվի: Հիշեցնենք, որ 2014թ. ԱԺ-ն քննարկել էր ՎՊ 2015թ. ծրագիրը, բայց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մոռացել էր այն դնել քվեարկության: Եվ այդ գերատեսչությունը մինչև փետրվար մնաց առանց ծրագրի: Չի բացառվում, որ նույն իրավիճակում հայտնվի նաև հաջորդ տարի: Ընդ որում՝ այս տարվա փետրվարին և կրկին ուշացումով ներկայացվեց նաև ՎՊ 2013թ. գործունեության հաշվետվությունը:
Նշենք նաև, որ նախորդ տարիներին ՎՊ-ն իր հաշվետվությունը ներկայացնում էր գարնանային նստաշրջանում, իսկ ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ-ն իրենց հաշվետվություններն արդեն ներկայացրել են: ՎՊ-ի դեպքում այն կարծես թե ձգձգվում է, այդպես եղավ նաև անցած տարի: Խնդիրն այն է, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն այդ քննարկումների ժամանակ Հայաստանում չի լինում: Հենց գալիս է այդ փաստաթղթերը քննարկելու պահը, նա կամ գործուղման է լինում, կամ էլ արձակուրդ է վերցնում: Ու կարծես նա ու ԱԺ ղեկավարությունն այդ մասին անգամ պայմանավորվում են: Այս անգամ, սակայն, ասում են՝ Գ. Սահակյանը ցանկանում է այնպես դասավորել, որ ՎՊ-ի հաշվետվության ու ծրագրի քննարկման ժամանակ Ի. Զաքարյանը հայրենիքում լինի ու արձակուրդում չլինի: Կարծես թե այս անգամ այդ ակնկալիքները կարող են իրականություն դառնալ:
ՎՊ մամուլի ծառայությունից մեզ փոխանցեցին, որ Ի. Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 7-9-ը մեկնել է Կատարի Հանրապետություն ԵՎՐՈՍԱԻ-ԱՐԱԲՈՍԱԻ 5-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով: Իսկ 11-13-ը աշխատանքային այցով լինելու է Արաբական Միացիալ Էմիրությունում: Այսինքն՝ հաջորդ շաբաթ տեղի ունեցող ԱԺ արտահերթ նիստերի օրերին նա արդեն գործուղումից հայրենիք վերադարձած կլինի ու պետք է որ խորհրդարանականներին անձամբ ներկայացնի իր ղեկավարած գերատեսչության գործունեության հաշվետվությունն ու տարեկան ծրագիրը: Եթե, իհարկե, ցանկություն ունենա: Այդուհանդերձ, ՎՊ մամլո ծառայությունից չկարողացան հստակ պատասխանել, թե արդյո՞ք Ի. Զաքարյանը խորհրդարան կգա, թե՞ այս անգամ էլ նրա փոխարեն այդ գործը կանեն ՎՊ խորհրդի անդամներ Սեյրան Ավագյանը, Լևոն Յոլյանը:
ՀՀ օրենսդրության համաձայն՝ այդ փաստաթղթերն ԱԺ-ում պետք է ներկայացնի ՎՊ նախագահը: Հիշեցնենք, որ Ի. Զաքարյանի այս խուսափողական կեցվածքն իր պատմությունն ունի: 2013թ. հունիսին ՎՊ 2012թ. գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս նա հայտարարեց, թե բյուջեի 70 տոկոսը, նույնն է, թե 700 միլիարդ դրամը կոռուպցիոն ռիսկի տակ է: Իշխող Հանրապետական կուսակցությունը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, արդյունքում Սերժ Սարգսյանը նրան հրավիրեց նախագահական ու հրապարակավ հայտարարեց, թե քո կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չէ, և այն ձեր տանն ասա: Ու այդ օրվանից Ի. Զաքարյանը խուսափում է ԱԺ-ում որևէ քննարկման ներկայանալ: Կամ ինքն է խուսափում նման քննարկումներից ու պատգամավորների հարցերին պատասխանելուց, կամ դա նրան պարզապես արգելել են:
Տարին մի քանի անգամ անհրաժեշտություն է լինում, որ ՎՊ նախագահը ներկա լինի որոշ քննարկումների: Դրանցից երկուսը լիագումար նիստում ՎՊ տարեկան հաշվետվության ու ծրագրի քննարկումներն են: Ավելի վաղ այդ փաստաթղթերի քննարկումն է ԱԺ գլխադասային մշտական հանձնաժողովում: Նախկինում Ի. Զաքարյանը մասնակցում էր նաև բյուջետային քննարկումներին: Բայց 2013թ. աշնանից սկսած նրա ոտքն Ազգային ժողովից կտրվել է: Ո՞ւր է Իշխան Զաքարյանը, արդյոք նրան արգելե՞լ են մտնել խորհրդարան ու շփվել պատգամավորների և լրագրողների հետ, թե՞ ինքն է իրեն ինքնամեկուսացման դատապարտել: Պատգամավորները հաճախ են այս հարցը քննարկում: Ամեն անգամ, երբ Ս. Ավագյանը կամ Լ. Յոլյանը Ի. Զաքարյանի փոխարեն քննարկված փաստաթուղթն առած ներս են մտնում, ընդիմադիր պատգամավորներն անպայման այս հարցը բարձրացնում են: Ու ամեն անգամ պարզվում է, որ ՎՊ նախագահը հենց այդ օրերին գործուղման կամ արձակուրդ է մեկնել, ու պատահաբար այդ օրերը համընկել են այդ քննարկումների հետ:
Հիմա նորից Ի. Զաքարյանին ԱԺ ամբիոնի մոտ տեսնելու հերթական հնարավորությունն է ընձեռվում: Եվ խորհրդարանում կուլիսային քննարկումներ են գնում, պատգամավորներն անգամ թաքուն հույսեր են փայփայում, թե այս անգամ իրենց հնարավորություն է ընձեռվելու վայելելու ՎՊ նախագահի ներկայությունը: Եվ որ Գ. Սահակյանն ինքն էլ է դա ուզում, դրա համար էլ մինչև հիմա այդ գերատեսչության տարեկան գործունեության ծրագիրն ու հաշվետվությունը քննարկման չի ներկայացրել:
Լուսանկարը՝ Photolure-ի










































