Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի պատկերը կհայտնվի Անգլիայի բանկի նոր թղթադրամների վրա, որոնք շրջանառության մեջ կդրվեն 2016 թվականին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ռազմական ժամակաշրջանի լեգենդար վարչապետի պատկերը կհայտնվի 5 ֆունտ անվանական արժեքով թղթադրամների վրա: Կպատկերվի նաև նրա հայտնի արտահայտություններից մեկը՝ «Ես չեմ կարող առաջարկել ոչինչ՝ արյունից, ծանր աշխատանքից, արցունքից ու քրտինքից բացի»: Նա այդ արտահայտությունն արել է Համայնքների պալատում, 1940 թվականի մայիսի 13-ին:
Անգլիայի բանկի ղեկավար Մերվին Քինգի խոսքով՝ Չերչիլի թեկնածությունն ընտրվել է նրան «ողջ ազատ աշխարհի հերոս» ճանաչելու առնչությամբ: Պատկերը կվերցվի Յուսուֆ Քարշի կողմից 1941 թվականի դեկտեմբերի 30-ին արված լուսանկարից:
Նշենք, որ ներկայում 5 ֆունտանոց թղթադրամների վրա պատկերված է սոցիալական բարեփոխիչ Էլիզաբեթ Ֆրայը: