Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հաստատել է, որ նոյեմբերին Օմանում գաղտնի հանդիպում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի նախարար Էռնեստ Մոնիզի հետ։
Սալեհին ընդգծել է, որ Օմանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրագործման ճանապարհին ընկած խոչընդոտների վերացման հարցը։
Դեկտեմբերի 8-ին ամերիկյան The Wall Street Journal պարբերականը գրել էր, որ ԱՄՆ-ն Իրանին օգնում է իր միջուկային վառելիքի մի մասն Ղազախստան ուղարկելու հարցում, որպեսզի արագացնի Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը։
Սալեհին հրաժարվել է մեկնաբանել Ղազախստանի մասին այդ հրապարակումը՝ հայտարարելով, որ Իրանը բանակցում է մի շարք երկրների հետ իր միջուկային վառելիքն այնտեղ ուղարկելու համար։










































