Միջնորդները կարողացել են պայմանավորվել ԴԱԻՇ-ի գրոհայինների կողմից առևանգված 25 քրիստոնյա ասորիների ազատման շուրջ, բոլոր քաղաքացիները ժամանել են Սիրիայի հյուսիս-արևելքի Թել-Թամր բնակավայր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է Կամիշլի քաղաքի ասորական համայնքի ներկայացուցիչ Ահիկար Իսսան։
«Այսօր ազատ են արձակվել 25 ասորիներ փետրվարի 23-ին ԴԱԻՇ-ի ահաբեկիչների կողմից առևանգվածների թվից։ Նրանք ազատվել են փրկագնով՝ միջնորդների միջոցով։ Բոլոր նախկին գերիները տեղափոխվել են Թել-Թամր»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Փետրվարին ԴԱԻՇ-ի գրոհայինները զավթել էին Ալ-Հասիկա նահանգում 36 քրիստոնեական գյուղ, ավերել հնագույն եկեղեցիները, սպանել մի քանի տասնյակ խաղաղ բնակիչների, պատանդ վերցրել ավելի քան 300 ասորիների։ Մեկ տարվա ընթացքում հաջողվել է փրկագնի միջոցով գերությունից ազատել մոտ 100 մարդու, հիմնականում տարեցներին։









































