Այս շաբաթ Սիրիայում գրոհայինների կողմից առևանգված ուղղափառ եպիսկոպոսներն ազատ են արձակվել: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Պարբերականների տեղեկություններով՝ երկու եպիսկոպոսներն ազատ են արձակվել ուրբաթ առավոտյան և ներկայում գտնվում են Հալեպ քաղաքում: Ազատ արձակման վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:
Երկուշաբթի լույս երեքշաբթիի գիշերը գրոհայինները Հալեպ նահանգում առևանգել էին Հունական ուղղափառ եկեղեցու Անտիոքի պատրիարքարանի Հալեպի եպիսկոպոս Փոլ Յազիջիին և Սիրիա-Հակոբիկյան եկեղեցու եպիսկոպոս Յուհան Իբրահիմին:
Առևանգված եպիսկոպոսները զբաղվել են Թուրքիայի հետ սահմանակից Կաֆր Դաել գյուղի բնակչության մարդասիրական խնդիրների լուծմամբ: Ռուսական ուղղափառ եկեղեցին մասնակցել է առևանգվածների որոնումներով: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլն ավելի վաղ դատապատել էին եկեղեցու սպասավորների առևանգումը:
Նշենք, որ օրեր առաջ նրանց ազատ արձակման մասին տեղեկություններ էին տարածվել, որոնք սակայն չէին հաստատվել: