Թուրքական Sözcü թերթի փոխանցմամբ՝ Իրանը ձմեռային ծանր պայմանների պատճառով (պատրվակով) կրկնակի նվազեցրել է Թուրքիային գազի մատակարարումները։ Իրանը սովորաբար օրական 28-30 միլիոն խորանարդ մետր գազ է մատակարարում Թուրքիային։
Իրանի այդ քայլը մտահոգել է Թուրքիայի էներգետիկայի նախարարությանը, որը ռուսական «Սու-24» ինքնաթիռի միջադեպից հետո ուշադրությունը կենտրոնացրել էր Ռուսաստանից գազի մատակարարումների հնարավոր կասեցման վրա։
Ներկա դրությամբ Իրանը 50-60 տոկոսով նվազեցրել է Թուրքիային գազի մատակարարման ծավալը և սկսել է մատակարարել օրական 14-15 միլիոն խորանարդ մետր։ Ավելի վաղ Թուրքիան իրանական գազի բարձր գինը վիճարկելու համար դիմել է Միջազգային միջնորդ դատարան։
Հաղորդվում է, որ Թուրքիան տարեկան մոտ 6 միլիարդ խորանարդ մետր գազ է գնում Իրանից և նախորդ տարիներին էլ է բախվել նման խնդիրների։ Իրանը ժամանակ առ ժամանակ «գազի սեփական պահանջարկի աճի» պատճառով նվազեցնում է Թուրքիային գազի մատակարարումը։
2014 թվականին Թուրքիայում գազի սպառումը հասել է 49.2 միլիարդ խորանարդ մետրի։ Իրանից գազի ներկրումների մասնաբաժինը կազմել է 18 տոկոսը։ Գազի 48 տոկոսն օգտագործվում է էլեկտրաէներգիայի արտադրության համար, իսկ 19 տոկոսը՝ կենցաղում։











































