Lenta.ru-ի փոխանցմամբ՝ թուրք երգիչ Ահմեթ Քայայի երկրպագուները երգչուհի Ադելին մեղադրել են գրագողության համար։ Նրանք նմանություն են հայտնաբերել Ադելի նոր՝ «25» ալբոմի Million Years Ago կոմպոզիցիայի ու Ահմեթ Քայայի Acilara Tutunmak երգի միջև, որը թողարկվել է 1985 թվականին։
Թուրք երկրպագուները Twitter-ում գրել են, որ Ադելը գողացել է իրենց Ահմեթի երաժշտությունը, և որպես դրա ապացույց՝ ակտիվիստները ներկայացրել են իրենց տեսանյութը, որում միավորել են երկու երգերը։ Ահմեթ Քայայի այրի Գյուլթեն Քայան կասկած է հայտնել, որ այնպիսի հանրահայտ կատարող, ինչպիսին Ադելն է, կզբաղվեր գրագողությամբ. «Սակայն եթե նա գիտակցաբար է արել, ապա նշանակում է, որ դա գողություն է»։ Ադելը դեռ չի մեկնաբանել այդ ամենը։








































