MK Turkey-ի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) երեկ ներկայացրել է մարդու իրավունքների մասին հաշվետվությունը, որում նշված է, որ վերջին 10 ամսում Թուրքիայում, նախագահ Ռեջեփ Էրդողանին վիրավորելու համար կալանավորվել է մոտ 100 մարդ։
Զեկույցը կազմել է Ստամբուլից ընտրված Սեզգին Թանրըքուլուն, որի խոսքերով՝ կալանքի տակ վերցված 98 անձանցից 66-ի հանդեպ ընթանում է քննություն։
Զեկույցի համաձայն՝ 2015 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջադեպերի հետ կապված հետաքննության տակ է հայտնվել 5795 մարդ, որոնցից 982-ը գտնվում է կալանքի տակ։
Զեկույցում նաև նշված է վերջին շրջանում դատարանի որոշմամբ արգելափակված կայքերի աճող թվի մասին։ Եթե 2011 թվականին արգելվել է 15.562 վեբ կայք, 2012 թվականին՝ 22.536, 2013 թվականին՝ 35.000, 2014 թվականին՝ 40.773, ապա 2015 թվականին դրանց թիվը հասել է 96.000-ի։









































