Ավստրիայի ոստիկանությունը փորձում է պարզել ավելի քան 100 000 եվրոյի ծագումը, որն անցորդներից մեկը գտել է Վիեննայում՝ Դանուբի ջրերում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով տեղական մամուլին:
Ավստրիայի մայրաքաղաքի բնակիչը, որը նկատել է փողը, դրանց հետևից ջուրն է մտել: Անցորդները կարծել են, որ նա որոշել է ինքնասպան լինել և ոստիկանություն են կանչել:
Իրավապահները դեպքի վայր են ժամանել հենց այն պահին, երբ ենթադրյալ ինքնասպանը գետում բռնելիս է եղել 100 և 500 եվրո արժեքով թղթադրամները: Հիմա նա հավակնում է, որ իրեն տան ջրից հանված գումարի մի մասը:
Ավստրիայի ոստիկանության մամլո ծառայությունում հայտնել են, որ իրավապահ մարմիններն առայժմ Դանուբում գտնված փողի հանցավոր ծագման մասին վկայող ոչ մի տվյալ չունեն:








































